Բաժիններ՝

Թվով 15 ստարտափներից լավագույնները կներկայացնեն իրենց նախագծերը World StartUp Cup-ի վենչուրային ընկերություններին և ներդրողներին

Armenia StartUp Cup ազգային առաջնությունը Հայաստանում անցկացվում է արդեն 4-րդ անգամ: Սեպտեմբերի 10-ին մեկնարկած առաջնությունը շարունակում է իր ընթացքը: Արդեն իսկ կայացել է մրցույթի մարզային փուլը, իսկ եզրափակիչ փուլը նախատեսված է անցկացնել նոյեմբերի 15-ին Երևանում:

Armenia StartUp Cup-ը հանդես է գալիս՝ որպես StartUp Cup համաշխարհային ցանցի մի մաս: StartUp Cup-ը բիզնես-մոդելների միջազգային մրցույթ է, որը մշակվել է սաղմնային փուլում գտնվող ձեռներեցական ծրագրերին համայնքային մակարդակով երկարաժամկետ աջակցություն տրամադրելու նպատակով:

14462893_1104690339600208_6496505525115670565_n

Հայաստանում այս մրցույթը նպատակ ունի խթանել ձեռներեցների ակտիվությունը բարձրակարգ բիզնես խորհրդատվության միջոցով, նոր աշխատատեղեր ստեղծել ստարտափների միջոցով, ինչպես նաև իրազեկել Հայաստանում սկսնակ ձեռնարկություն ստեղծելու համար առկա ռեսուրսների մասին:
Արդեն իսկ ամփոփվել են Սեպտեմբերի 25-ին UWC Դիլիջան քոլեջում անցկացված Armenia StartUp Cup ազգային առաջնության մարզային փուլի արդյունքները:

Միջոցառումը հյուրընկալող UWC Դիլիջան քոլեջի դեկան Դենիս Դևիդսոնը նշում է, որ նման միջոցառումները կարող են խթանել Հայաստանում ստարտափ համայնքներ ձևավորելուն: Դևիսոնը կարևորում է նման միջոցառումների անցկացումը և նշում է, որ Հայաստանի նման փոքր պետությունների համար շատ կարևոր է երիտասարդներին աջակցելն ու հովանավորելը:

Մրցույթի մարզային փուլին մանսակցում էին 42 ստարտափներ: Ստարտափները ներկայացնում էին Հայաստանի 11 քաղաքներ: Մասնակցում էին 30 փորձառու մենթորներ՝ Հայաստանի տարբեր մարզերից:

Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեին նաև UWC Դիլիջան քոլեջի օտարերկրացի աշակերտները: Աշակերտները մշակել էին բիզնես մոդելներ, որոնք պետք է նպաստեն Հայաստանում վերամշակման մշակույթի զարգացմանը:
Մրցույթի արդեն հաջորդ փուլում ընտրված 15 ստարտափները կներկայացնեն նորարական լուծումներ, որոնք ուղղված են շինարարության, արհեստների, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոշտ թափոնների կառավարման, բեռնափոխադրումների, առողջապահության և զբոսաշրջության ոլորտների զարգացմանը:

Թվով չորրորդ Armenia StartUp Cup-ի մրցանակային ֆոնդը բավականին հարուստ է:
Հաղթող մասնակիցը, որպես նախագծի իրականացման աջակցություն, կստանա 1 500 000 ՀՀ դրամ: Այս գումարը կարող է ներառել բիզնեսի զարգացման համար աուդիտորական, հաշվապահական, ֆինանսական, մարքետինգային և մենեջմենթի խորհրդատվություն և ծառայություններ: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած նախագծերը կստանան 1 000 000 և 500 000 ՀՀ դրամ:

Armenia StartUp Cup-ի հաղթողը կներկայացնի Հայաստանը World StartUp Cup 2017-ում: Իսկ մյուս մրցանակակիրները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարները World StartUp Cup 2017-ին ներկա վենչուրային ընկերություններին և ներդրողներին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս