Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում` «տվե՛ք մեզ ինչ-որ բան» կերպարով է հանդես գալիս. ՀՀ նախագահի խորհրդական
Ռուսական «Մոսկովսկի Էքսպրեսս» պարբերականի թղթակից Անդրեյ Սմիրնովը Երևանում բախվել է աննախադեպ հակառուսական տրամադրությունների: Այս մասին նա գրում է «Հակառուսական տրամադրություններ Հայաստանում. ժողովուրդը հաստատում է, նախագահի խորհրդականը՝ հերքում» իր ակնարկում: Երևանյան փողոցներում Սմիրնովին հանդիպած զրուցակիցների մեծ մասը կոշտ քննադատության է ենթարկել Ռուսաստանին՝ ընդհուպ մինչև ռազմաբազի դուրսբերման կոչերի:
Թղթակիցը մեջբերել է Մոսկվայում ապրող քաղաքագետ Կարինե Գևորգյանի կարծիքը, ով նշել է, թե Մոսկվան խիստ անհանգստացած է տեղի ունեցողով՝ համարելով այն ժողովրդի հետ չխոսելու արգասիք: «Դա արդեն եղել է Ուկրաինայի պարագայում»,- նշել է Գևորգյանը:
Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանն էլ կարծում է, թե հակառուսական տրամադրություններ Հայաստանում չկան առհասարակ:
«Ես չգիտեմ՝ ում եք դուք մոտեցել փողոցներում, բայց նման բան Հայաստանում չկա: Որոշ մարդիկ ենթադրություններ են անում վտանգավոր և չստուգված տեղեկությունների հիման վրա: Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը նույնպես ունի իր հետաքրքրությունները: Նրա ջերմ հարաբերությունները մի երկրի հետ, որը Հայաստանում իբրև թշնամական է ընդունվում, կարող է մեզ համար շահեկան լինել. կրիտիկական պահերին զսպողի դեր ստանձնող է պետք: Հայաստանցիները սիրում են բոլորին մեղադրել, բացի իրենցից:
Հայկական բանակի փամփուշտները ռուսական են, գազը ռուսական է, երկաթուղին ռուսական է, հեռահաղորդակցությունները ռուսական են: Ո՞վ է դրանում մեղավոր: Ռուսաստա՞նը: Հայաստանը չունի ազգային ավիափոխադրող, և արտերկիր չվերթների մեծ մասն իրականացվում է Ռուսաստանի միջոցով: Ռուսաստա՞նն է փակել «Արմավիան»,- հարց է տվել Սմբատյանը՝ միաժամանակ նշելով, որ Ռուսաստան այլևս առաջվանը չէ, և պետք է նորովի կառուցել հարաբերությունները՝ այլևս հանդես չգալով «տվե՛ք մեզ ինչ որ բան» կերպարով:
Մեր հարաբերություններում միմյանց մինչև վերջ չասված բաներ կան: Դա երբեմն լինում է ընկերների միջև»,- իր խոսքը եզրափակել է Սմբատյանը:
Հայ-Ռուսական Անկախ Տեղեկատվական Կենտրոն