«Խստորեն պետք է նայել նաև այսօրվա կառուցվածքին, ՊՈԱԿ-ներին, աշխատակազմին և գնալ յուրաքանչյուր լումայի հետևից». Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ սպորտի և երիտասարդության, ՀՀ բնապահպանության նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ սպորտի և երիտասարդության նախկին նախարար Գաբրիել Ղազարյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ու պարոն Ղազարյանն աշխատելու են միասին և նրանցից ակնկալիքները մեծ են: Վարչապետի խոսքով՝ պետք է անել հնարավորն առողջ ապրելակերպի գաղափարը երկրում, հատկապես գյուղական համայնքներում, տարածելու համար և այդ նպատակով նախարարությունից ակնկալում է որակապես նոր ու համարձակ աշխատանք, նաև՝ համապատասխան հիմնադրամների ներգրավմամբ: Վարչապետը նաև նշել է. «Անհրաժեշտություն կա կազմակերպել ազգային ծրագիր, թե ինչպես ենք ստեղծելու մի իրավիճակ, երբ սպորտը դառնում է անհրաժեշտություն, պետք է այդ գաղափարը տարածել»:
Այնուհետև Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին, նրան մաղթել հաջողություններ, արդյունավետ աշխատանք, իսկ նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բնապահպանության նախարարությունից և անձնակազմից ակնկալում է նոր թափ և նոր ուղղություններ, արդյունավետ համագործակցություն միջազգային հիմնադրամների հետ, ինչը թույլ կտա ներգրավել ֆինանսական միջոցներ, նոր մշակույթ և նոր չափորոշիչներ:
«Խստորեն պետք է նայել նաև այսօրվա կառուցվածքին, ՊՈԱԿ-ներին, աշխատակազմին և գնալ յուրաքանչյուր լումայի հետևից: Պետք է հասկանանք, թե այս լուման ինչ նպատակի է ծառայում և այդ նպատակը կատարվում է, թե ոչ»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետն անհրաժեշտ է համարել բնապահպանության ոլորտում տրամաբանական առևտրայնացումը և կարևորել էկոտուրիզմի զարգացումը, որը մեր զբոսաշրջության գրավիչ ճյուղերից մեկն է: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ աշխատանքները պետք է իրականացնել արագ և արդյունավետ: