Արտաշես Գեղամյանը՝ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի և ՀՀԿ-ական պատգամավորների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին

«Այս օրենքն աննախադեպ է»,- այսօր Ազգային ժողովում «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը։ Նա նշեց, որ օրենքն աննախադեպ է այն տեսանկյունից, որ նորովի մոտեցում է  դրսևորվում երկրի զարգացման կարևորագույն գործոններից մեկի՝ մանր և միջին բիզնեսի նկատմամբ։

Գեղամյանի խոսքով՝  Հայաստանն անցած տարվա դեկտեմբերին ընդունելով նոր Սահմանադրություն՝  ստեղծեց ինքլյուզիվ քաղաքական համակարգի համար բոլոր նախադրյալները, և հնարավորինս շատ քաղաքական ուժեր են մասնակցելու իշխանությունների ձևավորմանը, ինչը և նպաստում է տնտեսական ոլորտին՝ ինքլյուզիվ տնտեսական ինստիտուտների հիմնմանը, որի  առանցքներից մեկը հենց արդարացիության  սկզբունքի ներառումն է հարկային ոլորտում։  «Այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետարանը,  կարծես թե, մարմնով զգացել է այդ հանգամանքը, մի բան էլ առաջ է անցնել և նման օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս, սա հուշում է, որ մենք  ճիշտ ճանապարհի վրա ենք։

Սա հիմք է տալիս, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ հնարավորություն ունենան ընդգրկվել ՓՄՁ-ների մեջ, ինչը կխթանի տնտեսության զարգացմանը, բևեռացվածության փոքրացմանը, այն խնդիրների լուծմանը, որի մասին քանիցս ասել է ՀՀԿ-ն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի, որն անգամ հրաժեշտի իր խոսքում հստակ  ձևակերպեց, որ բևեռացվածության փոքրացման տեմպերը չեն գոհացնում իրեն, դրանով է պայմանավոված նաև իր հրաժարականը, այսինքն՝ խնդրի լուծման բանալիներից մեկը մենք գտել ենք»,- հայտարարեց Ա. Գեղամյանը։

Նա նշեց, որ ինքն այսօր ելույթ չէր ունենա, եթե չլիներ մի «տհաճ» միջադեպ. «Մեզ այսօր այստեղ բաժանվեց մեր տաղանդավոր հայրենակիցների  նամակը, որտեղ ասվում է հետևյալը՝ վերջ Ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, արդարադատություն Հայաստանում։

Հեղինակներից ոմանք մեր տաղանդավոր հայրենակիցներն են ու մշտական բնակվում են  ԱՄՆ-ում։ Ոստիկանության դաժանությունների մասին ասում են այն երկրի հպատակները, որտեղ միայն  2015 թվականի Ոստիկանության կամայականությունների արդյունքում զոհվել է 700 մարդ։

Հիմա այդ մարդիկ գալիս են՝ Ոստիկանության դաժանության մասին դասեր են տալիս, այստեղ էլ մարդիկ  մասսայականացնում են այդ ամենը։ Բաներ կա, չի կարելի  չէ՞։ Խոսում են կողմնակալության մասին, այո, կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերվել իշխանությունների կողմից, երբ այդ դաժան դեպքերի ժամանակ ՀՀԿ  պատգամավորները զրկված են եղել  ուղիղ եթերով ելույթ ունենալուց, մինչդեռ հեղեղված է եղել ուղիղ եթերը հակառակ կողմի  սին պատճառաբանություններով և պարզաբանումներով»։ Ա. Գեղամյանը հայատարարեց, որ ուրիշ սփյուռք էլ կա, որը նամակ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին։ Նա ընթերցեց Գալոյան գերդաստանի ներկայացուցիչների նամակը։

Տեսանյութեր

Լրահոս