Բաժիններ՝

Հատուկ քննչական ծառայությունը վստահ չէ, բայց նախաքննություն է իրականացնում

2016 թ. հուլիսի 29-30-ը Երևան քաղաքի Սարի թաղում, Խորենացի փողոցում և հարակից տարածքներում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու և ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ տարբեր անձանց վնասվածքներ պատճառելու ու բռնության կիրառմամբ ոստիկանության բաժիններ տանելու հիմքով հարուցված քրեական գործերը միացվեցին:

Նույն ժամանակահատվածում Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցից Մ. Փանոսյանին բերման ենթարկելու և վերջինիս նկատմամբ ոստիկանության բաժնում բռնություն կիրառելու հիմքով հարուցված քրեական գործը ևս միացվեց վերոնշյալ երկու գործերին:

Քրեական գործի շրջանակներում տուժողի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը: Վերջինս միջնորդություն է ներկայացրել՝ 2016 թ. հուլիսի 17-30-ը Երևանում տեղի ունեցած հավաքների ընթացքում ծառայություն իրականացրած ոստիկանների օրգանիզմում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հնարավոր առկայությունն ստուգելու նպատակով փորձաքննություն նշանակելու վերաբերյալ:

Միջնորդությամբ վկայակոչվել է Lragir.am-ի հրապարակումն այն մասին, որ քաղաքացիական հագուստով ոստիկաններն ինչ-որ հաբեր են ընդունում, ինչը փաստվում է նաև azatutyun.am-ի տեսագրությամբ: Քննչական մարմինը, սակայն, միջնորդությունը համարելով անհիմն, մերժել է այն: Հետաքրքիր է, որ որոշման հիմնավորումների մեջ նշվում է, որ ապացույցներ ձեռք չեն բերվել այն մասին, որ տեսագրության մեջ երևացող քաղաքացիական անձինք ոստիկանության ծառայողներ են կամ որ նրանք ինչ-որ հաբեր են ընդունում:

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հավելում է, որ պարզված չէ ոստիկանական շղթայից ներս անցնող անձանց ինքնությունը, հետևաբար՝ վերջիններիս նկատմամբ հիշյալ փորձաքննությունն իրականացնել հնարավոր չէ: Հավելենք, որ azatutyun.am-ը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է վերը նշված իրադարձությունները, և անզեն աչքով էլ պարզ էր, որ քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք ամենայն հավանականությամբ հաբեր են ընդունում և անցնում ոստիկանական շղթայից ներս այն դեպքում, երբ հավաքի մասնակիցներն ու լրագրողները ոստիկանական շղթային անգամ մոտենալ չէին կարող:

Ավելին՝ տեսագրության մեջ հստակ երևում են վերոնշյալ անձանց դեմքերը, և նրանց նույնականացումը պետք է որ առանձնապես բարդ չլիներ:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս