Apple-ի դարաշրջանի ավարտը
Insider.pro-ն գրում է, որ օրեր առաջ Apple ընկերությունը ներկայացրել է iPhone7-ը, սակայն ընկերության կորպորատիվ Twitter-ում անոնսը, չգիտես ինչու, հայտնվեց շնորհանդեսից առաջ։ Սրանում լուրջ խնդիր չկա, քանի որ iPhone7-ում նորությունները քիչ են՝ սև գույն, անջրանցիկություն և ականջակալները միացնելու հատվածի բացակայություն։ Հեղափոխական ոչ մի բան։ Իհարկե, iPhone7-ը որակյալ գադջեթ է, սակայն նույնը կարելի է ասել Apple-ի գրեթե բոլոր արտադրանքների մասին։ Մարդիկ դրան են սպասում։ Վատն այն է, որ Apple-ի նորությունները դադարել են ապշեցնել։ Դուք iPhone7-ի համար ամբողջ գիշեր հերթ կկանգնեի՞ք։ Նա արժանի՞ է դրան։ Դժվար թե։ Ի՞նչ է պատահել։ Կարծես թե Apple ընկերությունը հասել է իր զարգացման գագաթնակետին։ Եվ դա ակնհայտ էր շատ ավելի վաղ, քան հայտնվեց iPhone7-ը։
Բարձունքը
Նշաններ, որ Apple-ը հասել է իր զարգացման գագաթնակետին, հայտնվել են ավելի վաղ։ Կարելի է հիշել, օրինակ, iPhone-ի վաճառքի մասին. այս տարի դրանք սկսել են նվազել՝ 2007թ. սմարթֆոնների արտադրությունից սկսած առաջին անգամ։
Հնարավոր է՝ պետք էր ինչ-որ բան կասկածել, երբ ընկերությունը սկսեց կառուցել իր «տիեզերանավը»՝ նոր գլխամասային գրասենյակ՝ 5 մլրդ դոլար արժողությամբ և Պենտագոնի չափի։ Ինչպես գրել էր Չարլզ Հյու Սմիթը, «երբ բանկը նոր շքեղ շենք է կառուցում, դա սովորաբար նշանակում է, որ հետո միայն վատ է լինելու։ Կարծես թե դա միջոց է՝ բիզնեսի «աստվածներին» զայրացնելու։ Այնպես որ, Facebook-ի նորակառույց գլխամասային գրասենյակը և Apple-ի կողմից կառուցվողը պետք է նախազգուշացնի մեզ»։
Մեկ այլ ահազանգ կարող էր լինել կարևորագույն նորույթի թողարկումը՝ ժամացույցներ, որոնք ոչ թե հեղափոխական սարքեր էին, այլ հարմարավետ աքսեսուարներ iPhone-ի համար։ Apple-ը, որը թողարկում է Apple Watch և ծրագրում է տեղափոխվել «տիեզերանավ», լրջորեն տարբերվում է այն ընկերությունից, որին մենք սովորել էին նախորդ 10 տարիների ընթացքում։
2001-2010թթ.. «խնձորային հեղափոխություն»
8 տարի 3 ամսվա ընթացքում Apple ընկերությունը թողարկեց 3 կարևորագույն արտադրանք, որոնք փոխեցին աշխարհը։ 2001թ. հոկտեմբերի 23-ին թողարկվեց iPod-ը, որում կարելի էր ներբեռնել տասնյակ երգեր։ Այն ամբողջությամբ հեղափոխեց երաժշտական աշխարհը, սպանեց դիսկերը և մարդկությանը տեղափոխեց երաժշտության թվային աշխարհ։ Դա առաջին փլեերը չէր, սակայն առաջին անգամ ամեն ինչ արվել էր ըստ անհրաժեշտության։ 2007թ. հունվարի 9-ին Սթիվ Ջոբսը ներկայացրեց iPhone7-ը, որով նշվեց սմարթֆոնների դարաշրջանի սկիզբը։ iPhone-ը շուկայից դուրս հանեց Blackberry-ն, Nokia-ն, Motorola-ն և մյուս սարքերը, որոնք գոյություն ունեին այդ ժամանակ։ Սա առաջին հեռախոսն էր՝ իսկապես աշխատող սենսորային էկրանով, և առաջին սմարթֆոնը, որն իրապես ուշադրության արժանի էր։
2010թ. հունվարի 27։ Արդեն խորը հիվանդ Սթիվ Ջոբսը ներկայացնում է iPad-ը, և յուրաքանչյուր ամերիկացի հասկանում է, որ իրեն պլանշետ է հարկավոր։ Չնայած iPad-ի վաճառքի գագաթնակետը 2013թ. էր, և այն իր վաճառքի ծավալով երբեք չի գերազանցել iPhone-ի վաճառքի մակարդակին՝ սա առաջին մասսայական պլանշետն էր՝ չնայած այսպիսի սարքավորումներ շուկայում առաջին անգամ հայտնվել էին 1989թ.։ South Park մուլտֆիլմի հերոսներից Քարթմանը iPad-ի տեղը տեղական շուկայում բնութագրեց հետևյալ կերպ. «Ցանկացած մարդ գիտի, որ Apple-ից բացի՝ ցանկացած բան աղբ է»։ Թողարկելով iPhone, iPod և iPad, ինչպես նաև Macbook և iMac՝ Սթիվ Ջոբսը կարծես հայ-թեքի արտադրության շուկային ասում էր. «Դուք ամեն ինչ այնպես չեք անում։ Տեսեք, թե ինչպես է պետք»։
Ինչ է լինելու հետո
Ինչպե՞ս հասկանալ, թե դեպի ուր է շարժվելու ընկերությունը։ Նախկինում Apple-ն իր արտադրանքը թողարկում էր նոր ծնվող, չզարգացած շուկայում։ Փլեերների, բջջային հեռախոսների և պլանշետների պոտենցիալը հասկանալի էր բոլորին, բայց մինչև Apple-ը ոչ ոք չէր կարողանում իրականացնել այն։ Ընկերությունը երբեք չի ձգտել դառնալ առաջինը. այն միշտ եղել է լավագույնը։ Այս իմաստով հաջորդ արժանի սարքավորումը կարող է լինել Titan ծրագիրը՝ էլեկտրոնային ավտոմոբիլ. դրան սպասում են 2020թ.։ Ի տարբերություն պլանշետների՝ 2010թ., բջջային հեռախոսների՝ 2007թ., և փլեերների՝ 2001թ., ավտոմեքենաների արտադրությունը նոր ոլորտ չէ։ Այն ավելի քան 100 տարվա պատմություն ունի, և այնտեղ մրցակցությունը շատ մեծ է։ Բոլոր սեգմենտներում՝ ամենաթանկից մինչև ամենաէժան, գոյություն ունեն խաղացողներ և լիդերներ։ Սա չի նշանակում, թե այդ ոլորտում անելու ոչինչ չկա, նոր մոտեցումներ կարելի է գտնել միշտ, սակայն սա չի թվում տրամաբանական ուղղություն Apple-ի համար։ Ենթադրենք՝ Apple-ը պատրաստվում է մրցել Tesla-ի հետ և անիվների վրա էլեկտրոնային սմարթֆոններ թողարկել։ Ինչո՞ւ այդ դեպքում Apple-ը չի գնում Tesla-ն։ Apple-ը 231 մլրդ դոլար գումար ունի, իսկ Tesla-ն 30 մլրդ դոլար արժե։ Հսկայական Apple-ի համար իմաստ չկա մրցակցել Tesla-ի հետ։ Եթե Apple-ն իսկապես մեքենա է արտադրում, ապա հավանական է, որ այս պատմությունը կնմանվի տիեզերական մրցարշավի։
Երբ Ջոն Քենեդին հայտարարեց, որ ԱՄՆ-ը 1970թ. մարդուն լուսին կուղարկի, նա հասկանում էր, որ, եթե նույնիսկ կոնկրետ ծրագիրն անհաջողություն ունենա, այն բազմաթիվ նորարարությունների կմղի։ Եթե Apple-ն իսկապես մեքենա է արտադրում, ապա հավանական է, որ ընկերությունը ղեկավարվում է նույն մոտիվով։ Պետք չէ iPhone-ից զգալի նորարարություններ սպասել։ Սմարթֆոնները, օրինակ, հասել են էկրանի մեծության գագաթնակետին։ iPhone 6S Plus օգտագործողների համար դժվար է պատկերացնել ավելի մեծ հեռախոս. դա արդեն պլանշետ կլինի։ Յուրաքանչյուր տարի սմարթֆոնների տեսախցիկներն ավելի լավն են դառնում, էկրանները՝ ավելի ամուր, իսկ մարտկոցները՝ ավելի արագ աշխատող։ Բայց նույնիսկ եթե հասնենք շատ մեծ քանակով հիշողության, մեկ շաբաթ առանց լիցքավորման աշխատող մարտկոցի և այլն, այդ ամենը չի փոխի շուկան այնպես, ինչպես դա արեց առաջին iPhone-ը։ Այս շուկայում հիմնական զարգացումը գրանցվել է 2007-2012թթ.։ Հաջորդ հեղափոխական սարքավորումը սմարթֆոն չի լինի, և հազիվ թե Apple Car-ը լինի։ Ի՞նչ է լինելու այդ դեպքում։
Հեղափոխությունն այստեղից չի լինի
2017թ. հունվարին կլրանա 7 տարին այն պահից, երբ թողարկվել է Apple-ի՝ իսկապես նորարարական սարքավորումը։ Եթե դիտարկենք հեռանկարային ծրագրերի ցանկը, որոնք կարող էին փոխել աշխարհը, ապա դրանում Apple ընկերությունը չենք գտնի։ Վիրտուալ իրականության լավ գործիքներ են facebook-ը, Google Glass-ը, Oculus-ը։ Apple-ն աշխարհում ամենամեծ և ամեհահայտնի կազմակերպությունն է, այդ պատճառով էլ այն անպայմանորեն որպես խաղացող հանդես կգա հնարավոր ոլորտներում, բայց առանց Սթիվ Ջոբսի՝ սեփական իրականության սահմանները փոխել այն այլևս չի կարողանա։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը