Կարելի է ուտել երկուսի փոխարեն, և ևս 4 միֆ հղիության մասին
Psychologies.ru կայքը գրում է, որ հղիության 9 ամիսները յուրաքանչյուր կնոջ համար երջանիկ, բայց նաև անհանգիստ ժամանակներ են, քանի որ կինը պատասխանատվություն է կրում ոչ միայն իր, այլև երեխայի համար։ Կայքը ներկայացրել է 5 միֆ այն մասին, թե ինչ է կարելի և ինչ չի կարելի հղիներին։
1. Պետք է ուտել երկուսի փոխարեն։ Իմանալով իրենց հղիության մասին՝ շատ կանայք մտածում են, թե կարող են ուտել ամեն ինչ և ցանկացած քանակով. միևնույն է, հետո պետք է նիհարել՝ ի՞նչ տարբերություն 5, թե՞ 10 կգ։ Մյուսները բլիթներով և տորթերով սնվելն արդարացնում են նրանով, որ «երեխան քաղցր է ուզում»։ Այսպես վարվելու բացասական կողմը ոչ միայն ավելորդ քաշն է, որը դժվարացնում է հղիության ընթացքը, այլև հետագայում երեխայի համար լուրջ խնդիրները։ Այն երեխաները, ում մայրերը հղիության ընթացքում 15 կգ-ից ավելի ավելորդ քաշ են հավաքել, ապագայում նախատրամադրված են լինում դիաբետի և ճարպակալման։
2. Հղիներին պետք է շատ պառկել։ Իհարկե, կան առանձին դեպքեր, երբ բժիշկները խորհուրդ են տալիս պառկած լինել և առանց խիստ անհրաժեշտության՝ վեր չկենալ, սակայն հղիության նորմալ ընթացքի դեպքում նստակյաց կյանքը կարող է բարդությունների հանգեցնել։ Հղիության ընթացքում նստակյաց կյանք վարելու դեպքում կնվազի մարմնի մկանային հատվածը, իսկ ճարպային մասը կավելանա, ինչը նշանակում է, որ մեծանում է շաքարային դիաբետի, ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Գրեթե բոլոր հղիներին ցուցված է լող և ակտիվ զբոսանք մաքուր օդում։
3. Չի կարելի ներկել մազերը։ Հղիության ընթացքում իսկապես ցանկալի չէ չարաշահել քիմիական ներկերը։ Հիմա գոյություն ունեն բնական ներկանյութեր՝ հինայի, բնական յուղերի հիմքով։ Դրանցով կարելի է անվտանգ ներկել մազերը հղիության ընթացքում։ Սակայն մի մոռացեք, որ հղիության ընթացքում մազերի որակը փոխվում է, և գունաթափող բաղադրիչները կարող են լրջորեն վնասել մազերի որակը։
4. Չի կարելի օգտվել կոսմետիկական միջոցներից։ Հղիության ընթացքում կինը, իհարկե, կարող է հոգ տանել իր մասին, հատկապես, երբ մաշկն այդ ընթացքում կարող է փոփոխություններ կրել։
5. Չի կարելի մերսում անել։ Հղիներին խստորեն արգելվում է միայն ապարատների ազդեցությունը։ Նրանց համար կա նախատեսված հատուկ մերսում, որն առաջարկում են պերինատալ շատ կենտրոններում և կլինիկաներում, բայց միայն բժշկի ցուցումով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը