ԵՄ-ն Հայաստանի կառավարությանն է փոխանցել 7 միլիոն եվրո

Եվրամիությունը Հայաստանում գյուղատնտեսական և քաղաքային զարգացմանն աջակցելու նպատակով ՀՀ կառավարությանն է փոխանցել 7 միլիոն եվրո: Այս մասին  տեղեկացնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից:

ԵՄ-ն 2014թ. դեկտեմբերին հաստատել է գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման նպատակով Հայաստանի կառավարությանը 25 միլիոն եվրոյի տրամադրումը, ինչն իրականացվում է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի իրականացման տևողությունը 3 տարի է, որի ընթացքում 20 մլն եվրո բյուջետային աջակցություն կտրամադրվի Հայաստանի կառավարությանը գյուղատնտեսության և գյուղական համայքների կայուն ու համապարփակ զարգացման համար: Միևնույն ժամանակ 5 մլն եվրո օժանդակություն կցուցաբերվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանում ֆերմերների խմբերի և գյուղմթերքների արժեքային շղթաների բարելավման համար:

Բյուջետային աջակցությունն իրականացվում է երեք տարվա ընթացքում: 2016 թվականի համար նախատեսված գումարը` 7 միլիոն եվրոյի վճարումն արդեն փոխանցվել է ՀՀ կառավարությանը: Հաստատելով այս տեղեկությունը` Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել է. «Ես մեծապես ողջունում եմ այն առաջընթացը, որը կա ծրագրի իրականացման հարցում` ներառյալ այն կարևոր դերը, որը խաղում է լրացուցիչ աջակցությունը: Ես ցանկանում եմ նաև շնորհավորել ՀՀ կառավարությանն ու մասնավորապես գյուղատնտեսության նախարարությանը այս աջակցության համատեքստում ունեցած ձեռքբերումների համար»:

Այս ծրագիրը համահունչ է ԵՄ աջակցության առաջնահերթություններին և ուղղակիորեն կնպաստի Արևելյան գործընկերության հիմնական նպատակին հասնելուն, այն է՝ տնտեսական ու սոցիալական անհավասարությունների կրճատմանը: Գործազրկության բարձր ցուցանիշների և ապրուստի համար անհրաժեշտ ցածր եկամուտների հետևանքով աղքատության մակարդակը Հայաստանում և հատկապես գյուղական վայրերում շարունակում է մնալ բարձր: Իսկ ահա գյուղատնտեսական գործունեությունը և բնատնտեսությունը լայն հնարավորություններ են ստեղծում պարենային անվտանգության և ոչ ֆորմալ զբաղվածությո ւն ապահովելու համար: Գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացումը դառնում է խիստ անհրաժեշտություն, ինչը հնարավոր է գյուղատնտեսական կառույցները բարելավելու, ֆերմերային ասոցիացիաների և կոոպերատիվների կարողություններն ուժեղացնելու, մատչելի և որակյալ սննդի հասանելիություն ապահովելու և գյուղատնտեսության ոլորտում համատարած հաշվառում իրականացնելու միջոցով: ENPARD Հայաստանի կողմից աջակցություն կստանան այս բոլոր ոլորտները:

Ծրագրի շրջանակներում շուրջ 5 միլիոն եվրո կհատկացվի ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին և ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության կազմակերպությանը, որպեսզի վերջինները տրամադրեն տեխնիկական աջակցություն Հայաստանի կառավարությանը՝ սերտորեն համագործակցելով Հայաստանի գյուղատնտեսության նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ շահագրգիռ կողմերի հետ:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության համատեղ ուժերն ուղղված կլինեն գյուղմթերք արտադրող առկա խմբերի ամրապնդմանը, նորերի ստեղծմանը և վերջիններիս հնարավորինս արդյունավետ կերպով արժեշղթաների զարգացման գործում ներգրավմանը: ՊԳԿ-ն ապահովում է տեխնիկական աջակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` ինստիտուտցիոնալ զարգացման և քաղաքականության ներդաշնակեցման հարցերով, ինչպես նաև գյուղատնտեսական ազգային մարդահամար անցկացնելու հարցում: Ծրագրի շահառուներն են գյուղական համայնքները, ֆերմերային տնտե սությունները, գյուղմթերք արտադրող խմբի անդամները և նրանց ընտանիքները:

Տեսանյութեր

Լրահոս