Բաժիններ՝

Կառավարությունը մերժում է «Շանթ» հեռուստաընկերությանը

ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշման նախագիծ, որով նախատեսվում է մերժել «Շանթ» հեռուստաընկերության դիմումը՝ շահութահարկը նվազեցնելու հետ կապված։

Բանն այն է, որ «Շանթ» ՍՊԸ նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը հեռահաղորդակցության և հանրային հեռուստատեսության ոլորտում:

Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, HD ստանդարտի հեռարձակման անցնելու նպատակով, որը հնարավորություն կտա էապես բարձրացնել պատկերի տեխնիկական որակը՝ համապատասխանեցնելով այն միջազգային ստանդարտներին, ներկրվելու են տեսահամակարգեր, սերվերային համակարգեր, կոմուտացիոն սարքավորումներ, լուսավորության սարքեր և այլ տեխնիկական միջոցներ:

Այս ամենի արդյունքում ընկերությունը նախատեսում է ստեղծել նոր աշխատատեղեր ու դրանց մասով լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գումարները շահութահարկի գումարներից նվազեցնել, ինչի նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 346-Ն որոշման  պահանջներին համապատասխան դիմել է ՀՀ կառավարություն:

Կառավարությունը, սակայն, գտնում է, որ ընկերության դիմումին կից փաստաթղթերը թերի են և չեն համապատասխանում որոշմամբ սահմանված մի շարք պահանջներին, իսկ ներկայացված որոշ տեղեկություններ չեն համընկնում ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ։

Հաշվի առնելով վերոգրյալը և ուսումնասիրելով «Շանթ» ՍՊԸ-ի գործարար ծրագիրը՝ այն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 346-Ն որոշման Հավելված 1-ի 9-12-րդ կետերի պահանջներին համապատասխան գնահատման ամփոփման արդյունքում ստացել է 22,7 միջին գնահատական։

Ըստ այդմ, որոշվել է մերժել գործարար ծրագրերի շրջանակներում ստեղծած նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գումարները շահութահարկի գումարներից նվազեցնելու նպատակով «Շանթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված դիմումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս