«Հուլիսյան իրադարձությունները նաև ցույց տվեցին, որ ընդդիմադիր ուժի կարիք կա»

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի համոզմամբ՝ ղարաբաղյան հարցի շուրջ ծավալվող բանակցային գործընթացում առաջիկայում տեղի չի ունենա լուրջ առաջխաղացում:

«Որեւէ լուրջ առաջխաղացման դժվար թե կարելի է սպասել, քանի որ կողմերը՝ առաջին հերթին հայկականը, բնականաբար չի գնա միակողմանի զիջումների: Ադրբեջանական կողմը նույնպես չի ցանկանում որեւէ առաջխաղացում գրանցել այն հարցում, որը կարեւոր է հայկական կողմի համար, այն է՝ գոնե Արցախի կարգավիճակի ձեւավորման մեխանիզմների հստակ սահմանում: Թերեւս կլինի այնպիսի մի գործընթաց, որն իր մեջ կներառի հանդիպումներ նոր ձեւաչափով, ինչը միգուցե նպաստի հրադադարի ռեժիմի կարճաժամկետ պահպանմանը, սակայն չբերի բանակցային կտրուկ զարգացումների»,-  ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով Հայաստանում առաջիկայում սպասվող ներքին քաղաքական զարգացումներին, մասնավորապես, նախընտրական քարոզարշավին, Սերգեյ Մինասյանը կարծիք հայտնեց, որ այս պահին թերեւս ոչ իշխանական, ոչ էլ ընդդիմադիր թեւերում դեռեւս վերջնական որոշումներ չեն ընդունել նախընտրական պայքարում որեւէ հստակ ձեւաչափով հանդես գալու վերաբերյալ:

«Հուլիսյան իրադարձություններից հետո պահելով այդ դադարը՝ իշխանություններին, փաստացիորեն, հաջողվեց բերել նրան, որ ներքաղաքական զարգացումներն ակտիվանան, սակայն արդեն նախընտրական եռուզեռի տեսքով, ինչն իշխանությունների համար համեմատաբար անվտանգ է լինելու մինչեւ մյուս տարվա ապրիլ ամիսը: Հասկանալի է, որ նույնիսկ ամենածայրահեղական քաղաքական ուժերն այս կամ այն ձեւով ներգրավված են լինելու այս պայքարի մեջ, եւ թե՛ հասարակության, թե՛ քաղաքական էլիտայի ուշադրությունն ուղղված է լինելու հենց այս քարոզարշավին: Բնականաբար, կարելի է սպասե լ նոր քաղաքական դաշինքների, ուժերի ձեւավորմանը, ինչու չէ միգուցե որոշ հին կառույցներ փորձեն իրենց ակտուալությունը»,- ընդգծեց Սերգեյ Մինասյանը:

Կարդացեք նաև

Քաղաքագետի դիտարկմամբ՝ հուլիսյան իրադարձությունները նաեւ ցույց տվեցին, որ ընդդիմադիր ուժի կարիք կա:

«Որոշ քաղաքական ընդդիմադիր ուժեր, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը չի ներկայանում որպես համակարգային քաղաքական ուժ, այլ պարզապես ընդդիմադիր խարիզմատիկ քաղաքական գործիչ: Կարծում եմ՝ նա հնարավորություն ունի առաջիկա ընտրություններում հաջողություն ունենալու, սակայն դա կախված կլինի նրանից, թե արդյոք այս քարոզարշավի ժամանակ իր քաղաքական ուժը համակարգային ձեւով դա կկարողանա՞ ներկայացնել: Իսկ ինչ վերաբերում է իշխանություններին, ապա նրանք պետք է մտածեն, թե ինչ այլ քաղաքական մեխանիզմների կարող են դիմել»,-ասաց քաղաքագետը:

Տեսանյութեր

Լրահոս