Ինչպես է անհրաժեշտ բարեփոխել Արցախի Սահմանադրությունը. ՀՔՄ

Հայաստանի քաղաքագետների միությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Արցախի շուրջ ստեղծված ներկայիս բարդ իրավիճակում Սահմանադրության բարեփոխման հնարավորությունն անհրաժեշտ է օգտագործել Արցախի դերն ու նշանակությունը համայն հայության կենսակառուցվածքում էապես բարձրացնելու նպատակով:

Ինչպես 90-ական թվականներին, Արցախը նորից պետք է հայտնվի համայն հայության հոգածության առանցքում: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել անցած տարիների ընթացքում ձևավորված նոր իրողություններն ու վտանգավոր նոր մարտահրավերները:Ներկայիս ծանրագույն պայմաններում Արցախում իշխանության նոր կառուցվածքը պետք է ՕՐԳԱՆԱՊԵՍ շաղկապի հայության բոլոր հատվածների ներուժը: Եթե 90-ական թվականներին կարելի էր բավարարվել ավանդական քարոզչական հնարքներով, օգտագործել ավանդական ազգային կուսակցությունների դեռևս չխամրած գրավչությունը, դաշնակցության առասպելն ու <<Դեպի երկիր>> կարգախոսի թարմությունը, ապա այսօր՝ ՀՀ-ում և Արցախում ներկայիս սոցիալական բեվեռացվածության, անկումային տրամադրությունների, խորացող հուսահատության, կուսակցությունների և կուսակցական առաջնորդների նկատմամբ աճող անվստահության պայմաններում, անրաժեշտ են նոր և ոչ ստանդարտ լուծումներ:

Այդպիսի լուծում է առաջարկել սույն թվականի ապրիլի 27-28 Արցախ այցելած Հայաստանի քաղաքագետների միություն նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ԼՂՀ իշխանություններին Արցախում սահմանադրական բարեփոխումների մեր հայեցակարգը: Հայեցակարգի հիմքում դրված է Արցախի շուրջ համայն հայության համախմբման համար եզակի ինստիտուցիոնալ հնարավորությունների ստեղծման նպատակադրվածությունը:

Այդ հնարավորությունները կարող են երաշխավորվել Արցախում երկպալատանի խորհրդարանական համակարգի ներդրմամբ: Ստորին՝ Օրենսդիր պալատը կիրականացնի օրենսդրական գործառույթ, իսկ վերին՝ Համայնքների պալատը կիրականացնի խորհրդարանի ներկայացուցչական գործառույթները, ինչպես նաև կվերահսկի աշխարհասփյուռ հայ համայնքների կողմից Արցախին տրամադրվող նյութական և այլ օժանդակությունների օգտագործման արդյունավետությունը:

Համայնքների Պալատում կընդգրկվեն բոլոր հայ համայնքներից հատուկ կարգով ընտրված սենատորներ: Ազգային անվտանգության նկատառումներից ելնելով և հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ Արցախի անվտանգության երաշխավորն է Հայաստանի Հանրապետությունը, անհրաժեշտ է սահմանադրորեն ամրագրել, որ Համայնքների Պալատի անդամ՝ սենատոր կարող են ընտրվել ՀՀ Սահմանադրությամբ արտոնված երկքաղաքացիության իրավունքից օգտվող հայրենաբնակ հայերն ու սփյուռքահայերը: Այդ դրույթը կարևոր է նաև այն առումով, որ երաշխավորում է բոլոր սենատորների լոյալությունը ՀՀ-ի նկատմամբ, ինչպես նաև ՀՀ ներգրվվածությունը Համայնքների Պալատի կազմավորման գործընթացում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված երկքաղաքացիության իրավունքը դրանով իսկ Արցախում կստանա իր գործնական ինստիտուցիոնալ կիրառումը, ինչը իրավաբանորեն կամրագրի արցախահայության փաստացի ինտեգրումը միաժամանակ և՜ Հայաստանի Հանրապետության, և՜ համայն հայության կազմում:

Օրենսդիր Պալատի աշխատանքները պետք է կազմակերպվեն սովորական խորհրդարանական ընթացակարգով՝ ինչպես ներկայում: Վերին Պալատի՝ Համայնքների Պալատի աշխատանքները նպատակահարմար է կազմակերպել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նստաշրջանների օրինակով՝ սահմանելով տարեկան չորս նստաշրջան՝ յուրաքանչյուրը հինգ աշխատանքային օր տևողությամբ: Օրենսդիր Պալատը պետք է ընտրվի հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով, ինչպես ՀՀ-ում: Համայնքների Պալատը պետք է ընտրվի հարյուր տոկոսանոց մեծամասնական ընտրակարգով և ապակուսակցական սկզբունքով՝ ոչ թե սփյուռքի կուսակցություններից, այլ սփյուռքի համայնքներից, ինչը կապահովի սփյուռքի բոլոր հատվածների ներգրավվածությունը:

Հաշվի առնելով, որ առաջարկվող հայեցակարգով իրականացված սահմանադրական բարեփոխման հիման վրա ձևավորված Արցախի Համայնքների Պալատը դե-ֆակտո ստանձնելու է համայն հայության խորհրդարանի առաքելություն, առաջարկում ենք սահմանադրորեն ամրագրել, որ Արցախի Նախագահը ընտրվում է արցախահայության կողմից՝ ուղիղ, ազատ և համընդհանուր ընտրությունների միջոցով, և ի պաշտոնե նախագահում է Համայնքների Պալատի նստաշրջաններում: Այս սահմանադրական դրույթը կընդգծի Արցախի առանցքային դերը ժամանակակից հայության քաղաքական օրակարգում, ինչպես նաև արցախահայությանը վստահություն կներշնչի սպասվելիք նորանոր ճնշումներին դիմակաելու, տոկալու, երկիրը հզորացնելու և ազատագրված տարածքները բնակեցնելու գործում:

Հատուկ հոդվածով պետք է սահմանվի, որ Համայնքների Պալատի նիստերը, բացառությամբ հատուկ դեպքերի, պարտադիր պետք է հեռարձակվեն արբանյակային հեռուստատեսությամբ, ինչը աշխարհասփյուռ հայությանը հնարավորություն կնձեռի օնլայն հետևել Համայնքների Պալատի աշխատանքներին և համայն հայության կողմից Արցախին ցուցաբերվող նյութական օժանդակությունների հատկացումներին:

Ստեղծված պայմաններում, երբ ապրիլյան պատերազմն ակնհայտորեն ցույց տվեց մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության խախտումը, երբ Ռուսատանը, Իսրաելը և մի շարք այլ պետություններ շարունակում են նորագույն զինատեսակներ մատակարարել Ադրբեջանին, երբ Թուրքիան անթաքույց հայտարարում է արցախահայության ճակատագիրը կանխորոշելու իր հավակնությունների մասին, Հայաստանի քաղաքագետների միության կողմից առաջարկվող Արցախում սահմանադրական բարեփոխումների սույն հաեցակարգի ընդունումը և այդ հաեցակարգի հիման վրա Արցախի նոր Սահմանադրության մշակումն այլըտրանք չունի»:

Տեսանյութեր

Լրահոս