Թուրքիան Գերմանիային դարձյալ վերջնագիր է ներկայացրել՝ կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետ
Թուրքիան Գերմանիայի կառավարությանը վերջնագիր է ներկայացրել՝ կապված «Ինջիրլիք» ավիաբազա գերմանացի պատգամավորների նախանշված այցի հետ, գրում է գերմանական Der Spiegel պարբերականը:
Հունիսից Անկարան արգելում է գերմանացի խորհրդարանականներին այցելել ավիաբազա, որտե տեղակայված են բունդեսվերի ուժերը, որոնք մասնակցում են ԴԱԻՇ-ի դեմ պայքարին:
Der Spiegel-ի տեղեկություններով՝ թուրքական կողմը պատրաստ է թույլատրել այցը, եթե Գերմանիայի կառավարությունը հետ քաշվի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևից:
«Մենք կարող ենք համակերպվել այն փաստի հետ, որ Բունդեսթագն ընդունել է նման որոշում, սակայն Գերմանիայի կառավարությունը պետք է հասկացնի, որ «ցեղասպանություն» եզրը իրավական նշանակություն չունի»,- մեկնաբանել է թուրք բարձրաստիճան դիվանագետը:
Պարբերականը գրում է, որ Գերմանիայի ԱԳՆ-ն փորձում է որոշում գտնել, որը թույլ կտա բոլոր կողմերին «պահպանել դեմքը»:
Այս շաբաթ Թուրքիա այցի ժամանակ Գերմանիայի՝ Եվրոպայի հարցերով պետական նախարար Միխայել Ռոտը հայտարարել էր, թե Գերմանիայի Բունդեսթագի որոշման մեջ նշված է Կոստանդնուպոլսի հետ համագործակցած Գերմանիայի կայսրության պատասխանատվությունը հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ:
Նրա խոսքով՝ փաստաթուղթն ուղղված չէ Թուրքիայի ներկայիս իշխանությունների դեմ, այլ խոսքն ընդամենը գերմանացիների մեղքի իմաստավորման մասին է:
Der Spiegel-ը գրում է, որ նման քայլերը Անկարային չեն բավարարում, Թուրքիան պահանջում է, որ Գերմանիայի կառավարությունը համապատասխան հայտարարությունն անի ամենաբարձր՝ կանցլերի կամ Գերմանիայի արտգործնախարարի մակարդակով: