ՀՀ ոստիկանության 3 աշխատակիցների մեղադրանքներ են առաջադրվել
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ բաժնի ծառայողներ Արտակ Կ.-ին և Ֆիլիպ Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ Վահագն Մ.-ին՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու համար:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակից Ֆիլիպ Ս.-ն քաղաքացի Հասմիկ Օ.-ից ահազանգ է ստացել «Լունա» գիշերային ակումբի բակում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու մասին, սակայն, անձնական այլ դրդումներով, ահազանգողի հայտնած տեղեկությունների փոխարեն, արձանագրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ինչի արդյունքում խուլիգանության դեպքը ներկայացվել է որպես չնչին ծեծ և գույքի վնասում, իսկ ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակից Արտակ Կ.-ն, մեկնելով դեպքի վայր, տեղեկանալով և անձամբ ականատես լինելով, որ հիշյալ օրը գիշերային ակումբ ժամանած 5-6 անհայտ անձինք անհիմն վիճաբանել, ապա տևական ժամանակ փոխադարձ ծեծկռտուքի մեջ են մտել գիշերային ակումբի մշտական հաճախորդ Ս. Գ.-ի և նրա հետ եղած 2 անձանց հետ, ծեծկռտուքի ընթացքում կոտրել են ակումբի բակում արկղով դրված գարեջրի շշերը, վնասել ինչպես Հասմիկ Օ.-ի «Տոյոտա Պռադո» մակնիշի, այնպես էլ՝ հաճախորդի «Աուդի Q-7» մակնիշի ավտոմեքենաները, միջոցներ չի ձեռնարկել հանցագործության հետքերն արձանագրելու, հանցանք կատարած անձանց բացահայտելու ուղղությամբ:
Ավելին՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող դեպքի վայրի զննության սկզբնական արձանագրությունը Արտակ Կ.-ն փոխել է իր կողմից կազմված դեպքի վայրի զննության կեղծ արձանագրությամբ և նախկին ծառայակցի՝ Վահագն Մ.-ի, օժանդակությամբ՝ առանց միջադեպի ականատեսներին ծանոթացնելու, ներկայացրել է վերջիններիս ստորագրմանը:
Բացի այդ, Արտակ Կ.-ն ծառայակից Վահագն Մ.-ի հետ դիտել է խուլիգանության դեպքի տեսագրությունները, սակայն դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել ժամանակին դրանք ձեռք բերելու և նյութերին կցելու ուղղությամբ, մինչդեռ հետագայում կազմել է արձանագրություն՝ դեպքի վերաբերյալ տեսագրությունը, իբր, պահպանված չլինելու մասին, իսկ գիշերային ակումբի տնօրենին ուղղորդել է իրականությանը չհամապատասխանող, խուլիգանության հանգամանքը հերքող բովանդակությամբ բացատրություն տալուն:
Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ծառայողներ Ֆիլիպ Ս.-ին և Արտակ Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով, իսկ նույն բաժնի նախկին ծառայող Վահագն Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն