Հայաստանի՝ 4.8 միլիոն դոլարանոց խորհրդանիշը

Կառավարության թիվ 2 մասնաշենքի օտարումը հասել է ավարտական փուլին։ Դրա դիմաց արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը Հայաստանի կառավարությանն է վճարել 4.8 միլիոն դոլար։ Հիմա ակտիվ քննարկվում է, թե այդ գումարի որ մասը ո՛ր նպատակին է ուղղվելու, Երևան քաղաքին հատկացվելիք մասնաբաժնից հատկապես որ փողոցի ո՛ր փոսն է փակվելու կամ ո՛ր ճեղքն է լցվելու։

Ամեն ինչ շատ նորմալ է և բնականոն։ Հարցը, թվում է, նույնիսկ քննարկման ենթակա չէ, քանի որ իր բնույթով տեխնիկական է կամ կազմակերպչական՝ պետությունն օտարել է շենքերից մեկը, դրա փոխարեն նորն են կառուցել, ահագին էլ փող են տվել՝ վրադիր։ Ամեն ինչ շատ նորմալ է ու բնականոն։ Եթե, իհարկե, հաշվի չենք առնում կատարվածի խորհրդանշականությունն ու այդ խորհրդանշանակությամբ՝ ողբերգականությունը ու այդ ողբերգականությամբ՝ անդառնալիությունը։

Ասում են՝ կյանքում՝ ընդհանրապես, քաղաքականության մեջ՝ հատկապես ու մասնավորապես, պատահական ոչինչ չի լինում։ Իսկ եթե այդպես է, ուրեմն ոչ միայն պատահական չէ, այլև խիստ օրինաչափ է ու անայլընտրանք է, որ այսօր Հայաստանում քննարկվում է մի շենքի վաճառքի գումարի տնօրինման հարց, որը խորհրդանշական էր ոչ միայն իր թամանյանականությամբ, այլ նաև գործառնական նշանակությամբ ու պետության կյանքում ունեցած դերով։

Այս շենքը, որ արտաքին գործերի նախարարության շենքն էր, օտարվել է բավական վաղուց՝ 2 կամ 3, գուցե 5.5 տարի առաջ։ Բայց փողը տվել են հիմա՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի նախաշեմին։ Հավանաբար, պատահական զուգադիպությամբ պայմանավորված այս համընկնումն իրականում ցինիկ է, վիրավորող է ու նվաստացնող է։ Որովհետև տեղի է ունենում մի շրջանում, որը Հայաստանի ամենաոչանկախ շրջանն է, Հայաստանի՝ գրեթե զրոյական անկախության շրջանն է, ու Հայաստանի անկախության վերջնական կորուստն ավելի մոտ թվացնող շրջանն է։ Հայաստանը վաճառել է շենքը, որում տեղակայված նախարարությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության համար պատասխանատու նախարարությունը մսխել է Հայաստանի անկախության բոլոր բաղադրիչները, Հայաստանի անկախությունը դարձել է ախպարի համար նախատեսված հուշանվերի անբովանդակ դաջվածք, որը դնում են լավագույն դեպքում աշխատասեղանին՝ այլ երկրի դրոշի տակ, չերևացող մի անկյունում։

Արտգործնախարարության շենքի վաճառքի պատմության մեջ կա ոչ միայն խորհրդանշականություն ու ողբերգականություն, այլ նաև անազնվություն, խաբեություն։ Իրականում Հայաստանը վաճառել է անկախությունը, բայց քյաշ փող է ստանում միայն անկախությունը վաճառած գրասենյակի շենքի դիմաց։ Որովհետև անկախության դիմաց վճարվածը ստացել են նրանք, ովքեր պետությունն ու պետականությունը չափում ու գնահատում են կանաչ թղթադրամի ծավալով, թեև վճարվում են ոչ միայն կանաչ, այլև բազմագույն ռուբլիներով, որը Հայաստանի անկախության կլիենտի միակ անարժեք վճարամիջոցն է։

Այսինքն՝ կրկնվում է այն, ինչը պատմականորեն պետք է կրկնվեր՝ Հայաստանին չի վճարվում անգամ անկախության դիմաց, որովհետև վճարվում է նրանց, ովքեր հնարավոր են դարձրել անկախության առուծախի գործարքը։

Ասում են՝ կյանքում՝ ընդհանրապես, քաղաքականության մեջ՝ հատկապես ու մասնավորապես, պատահական ոչինչ չի լինում։ Իսկ եթե այդպես է, ուրեմն ոչ միայն պատահական չէ, այլև խիստ օրինաչափ է, որ արտգործնախարարության շենքը գնել է Հայաստանի Հանրապետությունը ՍՊԸ-ի վերածած Ռոբերտ Քոչարյանի պարտնյոր Էռնեկյանը։

Աստված պահի ու պահպանի հայ ժողովրդի հավաքական հիշողությունը, որում պետք է տեղ ազատել Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության համար։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս