Սերժ Սարգսյանն արտաքին ներդրողներ է գրավելու Նյու Յորքում. «Ամերիկայի ձայն»

Նյու Յորքում հոկտեմբերի 10-11 կայանալու է Հայաստանի տնտեսության մեջ արտաքին ներդրումների գրավմանը նվիրված ներդրումային ֆորումը: «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնել էր Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավար Կարեն Մկրտիչեանը: Նրա խոսքով, Նյու Յորքի ֆինանսական շրջանում՝ Ուոլ սթրիթում կայանալիք միջոցառմանը ելույթ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի եւ Ասիական զարգացման բանկի բարձրաստիճան պաշտոնյաներն ու ընկերությունների ղեկավարներ:

«Սա 15 տարիների ընթացքում առաջին նման միջոցառումն է եւ մենք դեռեւս չունենք ներդրողների ցուցակ», – նշել է Մկրտիչեանը:

Ֆորումի կազմակերպիչներն են Հայաստանի կառավարությունն ու Ասիական զարգացման բանկը: Միջոցառմանը ներկա կլինեն առաջատար տնտեսական մեկնաբաններ՝ Hyatt Hotels, ABBYY, Reddit, PicsArt եւ մի շարք այլ ընկերությունների ղեկավարներ:

«Մենք ներկայացնելու ենք Հայաստանի տնտեսության 8 ոլորտ եւ դրանց աջակցմանն ուղղված պետական ծրագրերը: Դրանից բացի, յուրաքանչյուր ոլորտի մասին կխոսեն այդ ոլորտում հաջողություններ արձանագրած ընկերությունների ներկայացուցիչներ», – նշել էր Կարեն Մկրտիչեանը:

Մասնավորապես, ներդրողներին են ներկայացվելու Հայաստանում արեգակնային էներգիայի, երկաթգծային բեռնափոխադրումների, Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման, հանքավայրերի գործարկման, գյուղատնտեսության զարգացման ծրագրերի հեռանկարները ինչպես նաեւ՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները: Կարեն Մկրտիչեանի խոսքով, չնայած շրջափակմանը եւ կոռուպցիային, Հայաստանի տնտեսությունը կարող է արտերկրյա ներդրողների համար հետաքրքրություն ներկայացնել.

«Հայաստանը եվրոպական եւ ամերիկյան ընկերությունների համար հարթակ դառնալու ներուժ ունի, որոնք այնուհետեւ կարող են իրենց արտադրանքը տեղափոխել Ռուսաստան եւ Եվրասիական տնտեսական միության այլ երկրներ առանց մաքսավճարների»:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավարը նշել էր, որ Հայաստանի տնտեսության մեջ արտերկրյա ներդրումների չափը զգալի նվազել է այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը Եվրամիության հետ տնտեսական համագործակցության խորացման փոխարեն նախընտրեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը՝ ԵՏՄ-ին.

«Ուղղակի արտաքին ներդրումների ծավալը զգալի նվազել է եւ այն կարող է մի շարք պատճառներ ունենալ: Դրանցից մեկն իմ կարծիքով այն է, որ մենք անցումային շրջանում ենք: Մինչ այն պահը, երբ Հայաստանը որոշեց միանալ Եվրասիական տնտեսական միությանը, ակնկալիքն այն էր, որ երկիրը կմիանա Եվրամիությանը կամ Եվրոպական գործընկերությանը: Երբ դա տեղի չունեցավ, մի շարք եվրոպական ընկերություններ, որոնք ներդրումներ էին կատարում, այժմ նվազեցնում են սպասելիքները»:

Նշենք, որ Եվրամիության շուկան, որը կբացվեր Հայաստանի առջեւ ԵՄ տնտեսական համագործակցության պայմանագրի ստորագրման դեպքում, գերազանցում է Եվրասիական տնտեսական միությանը 10 անգամ, թե՛ տնտեսական ներուժով եւ թե՛քաղաքացիների գնողունակությամբ:

Տեսանյութեր

Լրահոս