Բաժիններ՝

«Միջազգային օլիմպիադաների հաղթողները պետք է առանց խոչընդոտի օգտվեն տարկետման իրավունքից». ֆիզմաթ դպրոցի տնօրեն

Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը կարծում է, որ միջազգային օլիմպիադաների մեդալակիրներին ուսումը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում պետք է տրամադրվի` անկախ ուսումնական հաստատությունից, որպեսզի աշակերտներն արտերկրում ուսանելու հետ կապված խնդիրներ չունենան:

«Նրանք վաղվա գիտնականներն են, ովքեր հաստատ շարունակելու են գիտությամբ զբաղվել: Եվ պետք չէ վախենալ, որ նրանք չեն վերադառնա: Ճանաչելով օլիմպիադաների մասնակիցներին երկրի ողջ տարածքով` վստահ եմ կարող եմ ասել, որ նրանցից շատ քչերը չեն ցանկանա հետագայում այստեղ գործունեություն ծավալել: Կարծում եմ` այս հարցն արժե քննարկել»,- լրագրողների հետ զրույցում նշեց դպրոցի տնօրենը:

Ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ Էդգար Վարդանյանը, ով վերջին 3 տարիների ընթացքում արժանացել է 9 մեդալների ֆիզիկա եւ աստղագիտություն առարկաներից, այդ թվում նաեւ ոսկե, այժմ ուսումը շարունակելու է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Չնայած նրան, որ ընդունվել է նաեւ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարան, տարկետման հետ խնդիրներ ունենալու պատճառով նա չի կարողանալու ուսանել Մոսկվայում:

«Կառավարության որոշմամբ այն մասնակիցները, ովքեր միջազգային օլիմպիադաներում արժանացել են մեդալների, համապատասխան ֆակուլտետներ ընդունվում են առանց քննությունների եւ տարկետման իրավունքով: Սակայն այս դեպքում Էդգարն ընդունվել է Մոսկվայի համալսարան, բայց չի կարող այնտեղ սովորել: Ունենք նմանատիպ այլ դեպքեր. բազմակի մեդալակիրներ Մուշեղ Շահինյանը, Ալբերտ Գեւորգյանը «Քվանտ» վարժարանից ընդունվել էին Կանադայի Վատերլոյի համալսարանի ինֆորմատիկայի բաժին, ինչի կարիքը կա Հայաստանում, սակայն կրկին տարկետման հետ խնդիրներ են եղել, եւ դրա հետեւանքով չեն կարող սովորել արտերկրում: Նրանք չնայած տարկետում են ստացել ուսումն այստեղ շարունակելու համար»,- ասաց Հայկազ Նավասարդյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս