Մամուլից՝ բիզնես. «Коммерсантъ»-ի նախկին խմբագիրը նշանակվել է «АвтоВАЗ»-ի փոխնախագահ
«Коммерсантъ» թերթի նախկին գլխավոր խմբագիր Ռաֆ Շակիրովը նշանանակվել է Վոլգայի ավտոգործարանի («АвтоВАЗ») փոխնախագահ՝ ներքին և արտաքին հաղորդակցության գծով։ Այս մասին նշվում է ավտոարտադրողի պաշտոնական հաղորդագրության մեջ։
«АвтоВАЗ»-ի նախագահ Նիկոլայ Մորի խոսքով, այս նոր պաշտոնը ներդրվել է Lada բրենդի ամրապնդման և հեղինակության բարձրացման նպատակով։ Ընկերությունում հույս ունեն, որ Շակիրովի կապերը կօգնեն ապահովել աջակցությունը տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ների կողմից։ Նշվում է նաև, որ Սերգեյ Իլյինսկին, ով նախկինում զբաղեցնում էր «АвтоВАЗ»-ի՝ կորպորատիվ հաղորդակցության գծով տնօրենի պաշտոնը, կշարունակի ղեկավարել ընկերության մամուլի կենտրոնը։
Շակիրովը 1991 թվականից աշխատում էր «Коммерсантъ» հրատարակչությունում, որտեղ զբաղեցնում էր թերթի գլխավոր խմբագրի, «Деньги» պարբերականի խմբագրի և հրատարակչությանը պատկանող բոլոր թերթերի ու ամսագրերի շեֆ-խմբագրի պաշտոնը։