Ադրբեջանական բանկերը սահմանափակել են դոլարի վաճառքը
Ադրբեջանում դոլարի պահանջարկը վերջին ամիսներին գերազանցում է առաջարկը գրեթե տասնապատիկ, ընդ որում, նման բարձր պահանջարկը մոտ ժամանակս կպահպանվի, կարծում են փորձագետները:
Միաժամանակ, երկրի մի շարք կոմերցիոն բանկեր դադարեցրել են դոլարի վաճառքը կամ նվազեցրել են վաճառքի ծավալը, իսկ տնտեսագետները չեն բացառում մանաթի կտրուկ դևալվացիան:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բաքվի խոշորագույն բանկերը անցած շաբաթ ամբողջությամբ կասեցրել են արտարժույթի վաճառքը կամ սահմանափակել մինչև 500 դոլարի հասնող օպերացիաները:
Ըստ ադրբեջանական Report գործակալության` ուրբաթ օրվանից YapiKredi Bank Azerbaijan, Demirbank, Amrahbank և Bank of Baku բանկերը նվազեցրել են դոլարի վաճառքը 1 մարդու հաշվով:
Ադրբեջանի խոշորագույն վարկային կազմակերպությունը` Ադրբեջանի միջազգային բանկը, RIA Novosti-ին հայտնել է, որ դոլարի վաճառք չի իրականացնում: Նման որոշման պատճառը բանկը հրաժարվել է հայտնել:
Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը նշում են, որ Բաքվի օդանավակայանում նույնպես կասեցվել է ամերիկյան արժույթի վաճառքը: