Օլիմպիական գաղտնիք. Ինչո՞ւ են մարզիկները կծում մեդալները
Մինչ մենք հպարտությամբ հետևում ենք Ռիո դը Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող մարզիկների ելույթներին, դժվար է չնկատել, որ բոլոր չեմպիոնները մրցանակաբաշխությունից հետո կծում են իրենց մեդալները: Պատահականությո՞ւն է դա, ավանդո՞ւյթ, թե՞ այլ բան:
Ավանդական տարբերակի հիմքերը դրել են ծովահենները: Նրանք ոսկու մաքրությունը ստուգել են ատամներով: Պատճառն այն է, որ ոսկին ամենափափուկ մետաղն է, և կծելու դեպքում դրա վրա մնում են ատամի հետքերը: Կեղծ մետաղադրամների վրա ատամի հետքերը չեն պահպանվում: Հետագայում ծովահենների այս գործողությունը կատարել են առևտրականները:
Ժամանակակից Օլիմպիական խաղերում ոսկե մեդալները կծելու սովորույթը սկիզբ է առել 1991 թվականին, երբ լուսանկարիչները, որոնք իրենց տեսախցիկներն ուղղել էին Մեծ Բրիտանիայի վազքի թիմի վրա, խնդրել են մարզիկներն ինչ-որ զվարճալի բան անել, և վերջիններս կծել են իրենց մրցանակները:
Այդ քայլով, բնականաբար, օլիմպիականները չեն փորձում պարզել ոսկու որակը: Նրանց մեծամասնությունը գիտի, որ ոսկի մեդալներն իրականում պատրաստված են արծաթից, իսկ ոսկին այնտեղ, լավագույն դեպքում, կազմում է 1.2 տոկոս: Ոսկե մեդալների «բաղադրիչները» և «պատրաստման եղանակը» սկիզբ է առել 1912 թվականին: Իսկ ոսկե մեդալը բերանում դնելը և այն կծոտելը պարզապես հաղթողներին առանձնացնելու նշան է:
Այս ամենով Օլիմպիական մեդալը կծելու գաղտնիքն ամբողջովին բացահայտված չէ:
Օլիմպիական խաղերի միջազգային պատմաբանների հասարակության նախագահ Դևիդ Վալեչինսկին այդ գործողությունը բացատրել է հետևյալ կերպ.
«Սա ֆինանսական պայմանավորվածություն է լուսանկարիչների և մարզիկների միջև: Լուսանկարը, որտեղ պատկերված է մեդալը կծող մարզիկը, հնարավոր է ավելի արագ և թանկ վաճառել: Լուսանկարի համար ստացված գումարի մի մասը լուսանկարիչը փոխանցում է օլիմպիական մարզիկին: Վստահ եմ, որ իրենց կամքով մարզիկները չէին կծի սեփական մրցանակները»:
Բայց կա շատ ավելի պարզ տարբերակ, որը պարզել է բրիտանական Independent պարբերականը. լուսանկարիչները կարծում են, որ լավ կադր ստանալու համար ամենաշահեկան դիրքը հենց մեդալը կծելով լուսանկարվելն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը