Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր «Ազադլըգ» թերթի ֆինանսական տնօրենը

Այսօր առավոտյան Բաքվում ձերբակալվել է Ադրբեջանում միակ ընդդիմադիր «Ազադլըգ» թերթի ֆինանսական տնօրեն, Ժողովրդական ճակատ կուսակցության (ԺՃԿ) ակտիվիստ Ֆաիգ Ամիրովը: Այս մասին «Թուրան»-ին հայտնել է ԺՃԿ-ի փոխնախագահ Գյուզալ Բայրամլըն:

«Ազադլըգ»-ը գրում է, որ ներկայում Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով հետաքննչական վարչության աշխատակիցները խուզարկություն են անցկացնում Ամիրովի բնակարանում:

Ֆաիգ Ամիրովի ձերբակալության պատճառը հայտնի չէ: Իրավապահ մարմինները դեռեւս չեն մեկնաբանում իրավիճակը: Ֆաիգ Ամիրովը ԺՃԿ-ի առաջնորդ Ալի Քերիմլիի մերձավոր զինակիցն է:

«Ինչպիսի մեղադրանք էլ որ առաջադրվի Ամիրովին, դա հիմք չի ունենալու: Տեղի ունեցողը անձամբ իմ եւ կուսակցության դեմ ուղղված իշխանությունների արագացված ռեպրեսիվ արշավի մաս է», -գործակալությանն ասել է Ալի Քերիմլին:

Ադրբեջանում վերջին երեք օրերին ձերբակալվել են երիտասարդական NIDA, REAL շարժումների եւ ընդդիմադիր կազմակերպությունների 9-ն ակտիվիստներ եւ երկու լրագրողներ:Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին պետք է հանրաքվե տեղի ունենա սահմանադրության մեջ փոփոխությունների մասին:

Ադրբեջանում շատերը վերջին ձերբակալությունների ալիքը համարում են որպես սեպտեմբերյան հանրաքվեից առաջ քաղաքացիական հասարակությանը իշխանությունների կողմից ճնշելու հերթական փորձ: Ձերբկալված բոլոր ակտիվիստները դեմ են արտահայտվել Ալիեւի առանց այն էլ ընդարձակ լիազրություններն ավելի ընդլայնող հանրաքվեին եւ քննադատել կառավարությանը:

Ադրբեջանում վերջին օրերին սկսված նոր բռնաճնշումների ալիքն արժանացել է միջազգային հանրության լուրջ արձագանքին:

Իրավապաշտպան 19 միջազգային կազմակերպությունների կոալիցիան հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որում Ադրբեջանի իշխանությունից պահանջել են դադարեցնել ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումները եւ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին:«Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հետ կապված հանրաքվեին 6 շաբաթ մնացած իշխանությունը նոր բռնաճնշումների ալիք է սկսել: Նպատակը ընդդիամդիր ձայները լռեցնելն է: Կոալիցիայի անդամ կազմակերպությունները պահանջում են լավացնել երկրում մարդու իրավունքների աղետալի վիճակը եւ ազատ արձակել քաղբա նտարկյալներին», -ասվում է հայտարարության մեջ:

Կալիցիայի անդամ կազմակերպություններն են` ARTICLE 19, Canadian Journalists for Free Expression, Civil Rights Defenders, Freedom House, Freedom Now, Helsinki Foundation for Human Rights, Human Rights House Foundation, Index on Censorship, Institute for Reporters’ Freedom and Safety, International Media Support, International Federation for Human Rights (FIDH), International Partnership for Human Rights, Netherlands Helsinki Committee, Norwegian Helsinki Committee, PEN America, PEN International, People in Need, Reporters Without Borders, World Organisation Against Torture (OMCT):Ադրբեջանում սկսված բռնաճնշումները դատապարտել են ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը, Amnesty International-ը, Մարդու իրավունքների տան ցանց միջազգային կազմակերպությունը:

Տեսանյութեր

Լրահոս