Կառավարությունն այս տարի շինարարության ոլորտի 1 տոկոս աճ է կանխատեսում
Հայաստանի կառավարությունն այս տարի նախորդ տարվա նկատմամբ երկրում շինարարության ոլորտի 1 տոկոս աճ է ակնկալում: Օգոստոսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը: «Շինարարության ոլորտում վերջին տարիներին շատ լուրջ խնդիրներ են առաջ եկել՝ կապված տնտեսական ճգնաժամի հետ: Շինարարության ոլորտը զերծ չի մնացել այդ ճգնաժամից: 2014թ. շինարարության ծավալների անկումը շատ մեծ էր՝ 12-13 տոկոս: 2014թ. բավականին լուրջ ծրագրեր սկսեց իրականացնել նախարարությունը, և դրանց արդյունքում մենք արդեն 2015թ. կարողացանք այդ աճը 2014թ. նկատմամբ հասցնել 0.3 տոկոսի: Իսկ 2016թ. առաջին կիսամյակում շինմոնտաժային աշխատանքների ծավալի առումով 2 տոկոս նվազում ունենք, բայց նախարարության և կառավարության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մենք տարվա վերջում կանխատեսում ենք 1 տոկոս աճ»,- ասաց Ղուլարյանը:
Ֆինանսական բոլոր աղբյուրների հաշվին ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում հանրապետությունում իրականացվել է մոտ 125 միլիարդ դրամի շինարարական աշխատանքներ և 114 միլիարդ դրամի շինմոնտաժային աշխատանքներ: Միայն պետբյուջեի միջոցներով իրականացվել է 13 միլիարդ դրամի շինմոնտաժային աշխատանքներ:
Արմեն Ղուլարյանն ընդգծեց, որ շինարարության զարգացման համար շատ կարևոր նշանակություն ունի երկրում կայուն և խաղաղ մթնոլորտը, քանի որ ոլորտը շատ զգայուն է երկրում ծավալվող տարբեր իրադարձությունների նկատմամբ: «Շինարարությունը տնտեսության շարժիչ ուժն է: Եթե ակտիվ է շինարարության ոլորտը, ապա այն իր հետ առաջ է տանում նաև տարբեր այլ ոլորտներ, զարգանում է շինանյութերի արտադրությունը, վաճառքի ծավալներն են մեծանում:
Միաժամանակ պետք է նշել, որ շինարարությունը մեծ ներդրումներ պահանջող ոլորտ է ու դրա հետ միասին շատ զգայուն է տարբեր իր ադարձությունների նկատմամբ: Խոսքս վերջին իրադարձությունների մասին է՝ ապրիլյան պատերազմը, հուլիսյան դեպքերը:
Պետք է նշեմ, որ բավականին լուրջ բանակցություններ էին վարվում նախարարի գլխավորությամբ ներդրողներ ներգրավելու, մեր ներդրումային ծրագրերում միջոցներ ներգրավելու, սակայն ի դժբախտություն բավականին ներդրողներ արդեն փորձում են հետ վերցնել իրենց ներդրումները, ժամկետներ են երկարացնում, սպասում են, տեսնում են ինչ զարգացումներ կլինեն: Դրա համար շատ կարևոր է, որ հանրապետությունում լինի կայուն խաղաղ մթնոլորտ, որպեսզի մենք կարողանանք դր ան զուգահեռ ավելացնել շինարարության զարգացման տեմպերը»,– ասաց փոխնախարարը: