ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը պլանավորվում է ստորագրել դեկտեմբերին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Մաքսային օրենսգրքի վերաբերյալ պայմանագիրը պլանավորվում է ստորագրել դեկտեմբերին: Այս մասին հայտնել է Բելառուսի պետական մաքսային կոմիտեի մամուլի ծառայությունը:
«ԵԱՏՄ-ի անդամ պետությունների կառավարություններին հանձնարարված է ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագծի ներպետական համաձայնեցումն ապահովել մինչեւ սեպտեմբերի 20-ը՝ ելնելով 2016 թվականի դեկտեմբերին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում դրա ստորագրման անհրաժեշտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դրանում նշվում է, որ պայմանագրի նախագծի եւ ներպետական ընթացակարգերի անցկացման վերաբերյալ միջանկյալ զեկույցը Եվրասիական միջկառավարական խորհուրդը կլսի հերթական նիստում, որը պլանավորված է հոկտեմբերի 28-ին:
Մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ «ի տարբերություն գործող մաքսային օրենսդրության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրենսգրքի նախագիծը համալիր, կոդավորված միջազգային պայմանագիր է, որը պատրաստելիս կատարվել է ավելի վաղ կնքված բոլոր միջազգային պայմանագրերի վերստուգում, որոնք կանոնակարգում են մաքսային իրավահարաբերությունները, վերաիմաստավորվել են մաքսային գործողությունների կատարման գոյություն ունեցող կարգը եւ տեխնոլոգիաները, փոխվել են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման նկատմամբ մոտեցումները դրանք իրականացնելիս:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությունը էականորեն լրացված է այն լիազորությունների համեմատությամբ, որոնք նախատեսված են Մաքսային միության գործող մաքսային օրենսգրքով, ինչը թույլ կտա ճկուն միասնական մաքսային կարգավորում ապահովել ԵԱՏՄ-ում, ընդգծվում Է Բելառուսի պետական մաքսային կոմիտեի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցել է ՌԻԱ Նովոստին: