Սահակաշվիլիի կինը մասնակցելու է Վրաստանի խորհրդարանական ընտրություններին

«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը Զուգդիդիի շրջանում մեծամասնական ընտրակարգով թեկնածու է առաջադրել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կնոջը` Սանդրա Էլիզաբեթ Ռուլոֆսին:

Այսօր ելույթ ունենալով Կորցխելիում կազմակերպված նախընտրական միտինգին, որին ներկա է եղել մի քանի հարյուր մարդ, Ռուլոֆսը հայտարարել է, որ պատրաստ է պայքարին և հույս ունի ստանալ ընտրողների աջակցությունը, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

«Միշայից հետո 4 տարի գործող իշխանությունները ոչինչ չեն արել, թեև կարող էին շատ բան անել: Այսօր Վրաստանում առաջընթաց չկա, ստագնացիա է, իսկ ներկայիս իշխանությունները ցանկություն չունեն ոչինչ փոխելու»,- ասել է նա:
Ռուլոֆսը նշել է, որ «Միացյալ ազգային շարժումը» պարտություն է կրել նախորդ խորհրդարանական ընտրություններում թույլ տված սխալների պատճառով:

«Մինչև պատգամավորության թեկնածու առաջադրվելը ես հարցրեցի Միշային` կարո՞ղ են արդյոք մեր հաղթանակի դեպքում ընտրություններում կրկնվել նախկին սխալները: Նա ասաց` ոչ»,- ասել է Սաակաշվիլիի կինը:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 8-ին:

Տեսանյութեր

Լրահոս