Անկարան և Մոսկվան վերսկսել են «Թուրքական հոսք» գազատարի շուրջ բանակցությունները
Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը թուրքական TRT Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը ձեռնամուխ են եղել «Թուրքական հոսք» գազատարի կառուցման շուրջ բանակցությունների վերսկսմանը:
Թուրք նախարարը կարծում է, որ Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները վերադարձել են նախկին` մինչճգնաժամային մակարդակին:
Նրա խոսքով` երկկողմ հարաբերությունների կարգավորումը շահավետ կլինի երկու երկրների համար:
Ավելի վաղ Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդըմը հայտարարել էր, որ
«Թուրքական հոսք» գազատարի նախագծի վրա աշխատանքը շարունակվում է, գտնվում է չափազանց կարևոր փուլում:
Ռուսաստանը 2014թ. դեկտեմբերին հրաժարվեց «Հարավային հոսք» նախագծից` հօգուտ «Թուրքական հոսքի», որը ենթադրում է Ռուսաստանից Թուրքիա գազատարի շինարարություն` Սև ծովի հատակով: Նախագիծը սառեցվել էր այն բանից հետո, երբ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները վատացան 2015թ. նոյեմբերին: