Դեդ Հասանի գնդակահարության մեջ կասկածվող ադրբեջանցի քրեական հեղինակությունը մահացել է Ստամբուլի հիվանդանոցում
Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, որ երեկ գիշեր Ստամբուլում հարձակման ենթարկված ադրբեջանցի քրեական հեղինակություն Ռովշան Ջանիևը (Լենքորանսկի) մահացել է Ստամբուլի Florence Nightingale հիվանդանոցում:
Գործակալությունը հայտնում է, որ Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը սկսել է փաստաթղթերի ձևակերպումը` մարմինը հայրենիք վերադարձնելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրա վիճակը ծանր էր, Լենքորանսկին գտնվում էր Շիշլիի գիտահետազոտական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Վերակենդանացման բաժանմունքից APA-ի թղթակցին հայտնել էին, որ նրա մարմնից փամփուշտներ են դուրս բերել, վիրավորի ձեռքերն ու ոտքերը կոտրված են եղել: Հայտնի է, որ անհայտ անձինք կրակ էին բացել նրա մեքենայի ուղղությամբ:
Գործակալության հաղորդմամբ` չնայած այն բանին, որ նրա անձնագրում նշված է եղել Ալիև ազգանունը, ոստիկանությունը հետաքննության արդյունքում պարզել է, որ նա Ռովշան Ջանիևն է: Գործակալության զրուցակիցը նշել է, որ նա ստացել է 5 փամփուշտ, որոնցից մեկը վնասել է աչքը:
Գործի հետաքննությունը վարում է Ստամբուլի ոստիկանության գլխավոր վարչությունը:
«Ռոսբալտը» գրում է, որ Լենքորանսկին դարձել է քրեական պատերազմի զոհ, որը ծագել էր Զախարի Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) կալանավորումից հետո:
«Ռոսբալտի» տվյալով` այն բանից հետո, երբ 2016թ. կալանավորվեց ռուսական մաֆիայի պարագլուխ Շաքրո Մոլոդոյը, նրա ընդդիմախոսները, այդ թվում` Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումսկի) և Ռովշան Ջանիևը, սկսեցին անսովոր ակտիվություն դրսևորել:
Մասնավորապես, նրանք իրենց նախաձեռնությամբ չեղյալ հայտարարեցին Մոլոդոյի սահմանած մորատորիումը «օրենքով գողերի» թագադրման վրա, որը առնչություն ուներ Տարիել Օնիանիի և Ասլան Ուսոյանի միջև կոնֆլիկտին:
«Ռոսբալտի» աղբյուրը նշում է, որ Լենքորանսկին դարձավ այդ ակտիվության զոհը:
Հիշեցնենք, որ Երևանում անցկացված «օրենքով գողերի» լայմասշտաբ հավաքին որոշում էր կայացվել ժամանակավորապես դադարեցնել Լենքորանսկու լիազորությունները:
Նրան կասկածում էին 2013թ. Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) գնդակահարությանն առնչություն ունենալու մեջ: