Բաժիններ՝

«Ես անհանգստանում եմ, որ այդ համաձայնության կառավարության ստեղծելուց ժողովրդի շալակը բարձրացողները չավելանան». Գագիկ Մակարյան

«Ներկայիս կառավարության քայլերն ավելի գործնական և կոնկրետ են, քան նախկին կառավարության դեպքում էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նա նշեց, որ ինքը հանդիպել է տարածքային և զարգացման նախարարի հետ, ու իրեն շատ դուր է եկել, որ «վերջապես կառավարության ներսում և հանձին նախարարի»՝ կա տեսակետ՝ մարզերում զարգացնել տարբեր արտադրություններ. «Միշտ ասել եմ, որ տպավորություն է, թե Հայաստանի ամբողջ բեռը կրում է մի մասը, և համայնքները կարծես այդ բեռից դուրս են: Սկսած Երևանի քաղաքապետարանից՝ տնտեսական ծրագրեր չկան, հարկեր բոլորը հավաքում են, բայց թե ինչի՞ վրա են ծախսում, իրականում համայնքները սոցիալ-տնտեսական որևէ ծրագիր չեն իրականացնում»:

Անդրադառնալով ՀՀ նախագահի այն հայտարարությանը, թե պետք է ստեղծել ազգային համաձայնության կառավարություն՝ Գ. Մակարյանը նշեց, որ որոշ անհանգստություններ ունի այդ առումով:

«Շատ գյուղապետեր, որոշ պատգամավորներ, տարբեր պետական պաշտոնյաներ, որոնք բիզնեսի մեջ են, պարզապես նստած են ժողովրդի շալակը, ես անհանգստանում եմ, որ այդ համաձայնության կառավարության ստեղծելուց շալակը բարձրացողները չավելանան: Այսինքն՝ այնպես չլինի, որ մենք ստեղծում ենք ազգային համաձայնության իշխանություն, նորերն են գալիս՝ միանում, որովհետև, եթե հներին չենք իջեցնում, նորերն ենք ավելացնում, նշանակում է՝ շալակ բարձրացողների թիվը կավելանա: Սա ռիսկային եմ համարում: Դրա համար ոչ թե պետք է ամիսներ սպասել, այլ ուղղակի շատ հրատապ փոփոխություններ անել, պետք է ցրել այդ ամբողջ երկինքը, արևը պետք է բոլորը տեսնեն, նաև բիզնեսը պետք է ազատ շունչ քաշի, և այդ տեղական մարմինները, որոնք այսօր տուրքեր հավաքելով՝ ոչինչ չեն վերադարձնում, մսխում են գումարները և նստած են ռոտացիաների վրա, դա պետք է փոխվի»,- նշեց Գ. Մակարյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս