Ասիական զարգացման բանկը 200 մլն վարկ կհատկացնի «Հյուսիս-Հարավ» երկաթուղային միջանցքի համար
Ասիական զարգացման բանկը կքննարկի 200 միլիոն դոլար վարկի տրամադրման հնարավորությունը երկաթուղային «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագծի իրականացման, ինչպես նաև Ադրբեջանի երկաթուղային ոլորտի զարգացման համար, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը` վկայակոչելով բանկի կայքում տեղադրված հաղորդագրությանը:
Ինչպես նշված է հաղորդագրությունում, բանկի առաքելությունը 2016թ. նոյեմբերի 14-25-ը կգտնվի Ադրբեջանում` տվյալ նախագծի վերաբերյալ տեղեկություններ հայթայթելու համար:
«Նախագծի ընդհանուր ամփոփումը կանցկացվի 2016թ. դեկտեմբերի 12-ին, վարկի վերջնական հաստատման ժամկետը դեռ հայտնի չէ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Վարկն ուղղվելու է հիմնականում Բաքու-Յալամա (Ռուսաստանի հետ սահման) երկաթուղային ճյուղի զարգացմանը` «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային նախագծի շրջանակում և «Ադրբեջանական երկաթուղիների» զարգացմանը:
Ենթակառուցվածքների վերակազմավորման նախագիծը «Հյուսիս-Հարավի» շրջանակում ենթադրում է Բաքու-Յալամա 441-կիլոմետրանոց հատվածի վերականգնում և գործարկում, բեռների օպերացիաների վերահսկման համակարգչային համակարգի զարգացում: