«Ռուսական խաղաղապահ զորքերը, բնականաբար, պետք է գործեն ի շահ Ադրբեջանի». Աղասի Ենոքյան

Վաղը Երևանում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստից ակնկալիքներ առանձնապես չկան: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը:

«Մենք գիտենք, որ ՀԱՊԿ-ն բավականին ֆորմալ կառույց է, և Հայաստանն այնտեղ չի կարողանում իր ձայնն անհրաժեշտ հնչեղությամբ հնչեցնել: Թեկուզ միայն այն փաստը, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ նախագահող երկիր, չկարողացավ հայ գլխավոր քարտուղար նշանակել այնտեղ, դա ցույց է տալիս Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերության մակարդակը: Մյուս կողմից էլ՝ ՀԱՊԿ-ը ոչ այդքան հավաքական անվտանգության մարմին է, որքան՝ երկկողմ հարաբերությունների, այսինքն՝ Հայաստան-Ռուսաստան, Տաջիկստան-Ռուսաստան, Բելառուս-Ռուսաստան, որտեղ հիմնական խնդիրներն էլ լուծվում են երկկողմ հարաբերությունների մակարդակով»,- ասաց Ա.Ենոքյանը:

Անդրադառնալով նախքան ՀԱՊԿ-ի այս հավաքը ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի մոսկովյան հանդիպումներին՝ Ադրբեջանի, ապա՝ Հայաստանի իր գործընկերների հետ, ապա և նրա՝ Բաքու կատարած այցին, քաղաքագետը նշեց, որ այդտեղ ինտրիգն այն է, որ չափազանց լուրջ առաջարկ է արել Շոյգուն Ադրբեջանին, այնքան, որ պաշտպանության նախարարի լիազորությունները չեն բավարարել այդ հարցին պատասխանելու համար, և այդ պատճառով նա շարունակել է այդ բանակցությունները՝ այցելելով Ադրբեջան.

«Իհարկե, տեղեկություններ չկան, շատ դժվար է ասել, բայց, տրամաբանորեն, երևի թե խոսքը վերաբերում է ռուսական խաղաղապահ զորքերն Ադրբեջանում տեղակայելուն: Ռուսաստանն աստիճանաբար Ադրբեջանին մոտեցնում է այն գաղափարին, որ դա ադրբեջանանպաստ լուծման ամենահավանական տարբերակն է: Չեմ բացառում, որ Ադրբեջանի հետ նման համաձայնություն արդեն կայացվել է»:

Կարդացեք նաև

Պատասխանելով հարցին, թե դա ի՞նչ հետևանք կունենա Հայաստանի համար, Ա.Ենոքյանը նախ՝ նշեց, որ մենք առաջին հերթին՝ կզրկվենք Լեռնային Ղարաբաղից. «Այսինքն՝ եթե այնտեղ կանգնեն ռուսական խաղաղապահ զորքեր, նրանք, բնականաբար, պետք է գործեն ի շահ Ադրբեջանի, քանի որ Ադրբեջանն է այնտեղ թողնող-չթողնողը: Միջազգայնորեն ընդունված սահմաններով Արցախն Ադրբեջանի տարածք է, և Ադրբեջանը պետք է համաձայնություն տա: Եվ ի շնորհակալություն նրա, որ Ադրբեջանը թույլատրել է ռուսական զորքերն այնտեղ կանգնեցնել, այսինքն՝ Ադրբեջանում վերջապես ունենալ ռազմական բազա, այդ զորքերը կսկսեն տարածաշրջանի, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափությունը»:

Այս իրավիճակում Հայաստանի պաշտոնյաների հանգստությունն Ա.Ենոքյանը պայմանավորեց նրանով, որ հենց ՀՀ պաշտոնյաներն են իրենց դրել մի վիճակի մեջ, որ այլևս ոչինչ չի կարող հակազդել դրան:

«Վերջերս Պուտինի Ադրբեջան կատարած այցի ժամանակ երևաց, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը գալիս են որոշման, և հետո այդ որոշումը կպարտադրեն Հայաստանին»,- ասաց Ա.Ենոքյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ նախարարին ընդունած Ալիևն ասել է, թե «Բաքվի և Մոսկվայի հարաբերությունների մակարդակը թույլ կտա բազմաթիվ հարցեր լուծել` կապված տարածաշրջանային անվտանգության հետ», և «խոսելու բան կա ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասով»։

Միաժամանակ, օգոստոսի 10-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ Սարգսյանը հայտարարել է, թե ԼՂ խնդրի կարգավորման հարցում «պատրաստ ենք ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը»։

Այդ պայմանավորվածությունների թվում են, հիշեցնենք, զինադադարի խախտման հետաքննությունների մեխանիզմների ներդրման ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս