«Նաիրիտի» աշխատակիցները սպասում են Սերժ Սարգսյանի հատուկ վերաբերմունքին ու անձնական միջամտությանը. Բաց նամակ Ս. Սարգսյանին
«Նաիրիտ» գործարանի վերագործարկման նպատակով, ցույցերը համակարգող խմբի անդամները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակ են հրապարակել: Դրանում, մասնավորապես, ասվում է.
«Պրն Ս.Սարգսյան, Ձեզ ենք դիմում ՆԱԻՐԻՏԻ նախկին և ներկա աշխատակիցներս։ Մենք միաժամանակ ՀՀ քաղաքացիներ ենք՝ մեր իրավունքներով և սոցիալական պահանջներով։
Մենք՝ նաիրիտցիներս, դեռևս չենք կորցրել հույսը՝ «Նաիրիտում» աշխատելու և արարելու։
Հերթական նամակը՝ հասցեագրված Ձեզ, ունեցավ մյուսների ճակատագիրը, որովհետև վստահվեց մարդկանց, որոնց մոտ իշխում է անտարբերությունը և ամենաթողությունը։ Բազմիցս է ասվել, որ «Նաիրիտն» ու իր կոլեկտիվը (նախկին և ներկա) սպասում ենք Ձեր հատուկ վերաբերմունքին ու անձնական միջամտությանը։ Ակնհայտ է, որ որևէ նախարարություն կամ ենթահանձնաժողով ի վիճակի չեն նման լրջագույն հարց իրենց մակարդակով վերջնական քննարկելու և լուծում տալու։ Դա է պատճառը, որ առ այսօր տեղաշարժ չի նկատվել։
«Նաիրիտի» վերագործարկման նպատակահարմարության ու տնտեսական օգուտների մասին բազմիցս է խոսվել։ Ներկայացվել են ծրագրեր՝ մասնագետների կողմից մանրակրկիտ կազմված, որոնք իրատեսական են։
Ինչպես հայտնի է, «Նաիրիտի» պես հսկայի վերագործարկման համար կարևոր և առաջնահերթ պայմաններից մեկը ներդրողի գործոնն է։
Այժմ այդ խնդիրը չկա։
Գործարանի ճակատագրով հետաքրքրված է Եվրոպական Միության Հայկական Ֆորումի, Եվրոպական ներդրողների խումբը։ Նամակում ասվում է, որ 2014թ-ից սկսած մի քանի անգամ այցելել են «Նաիրիտ» գործարան, խոսել են տարբեր մասնագետների հետ, ուսումնասիրել են գործարանի հնարավորությունները՝ երկու եղանակով արտադրանք ստանալու՝ ացետիլենային և բութադիենային, նաև ծանոթացել են անգլիական Ջակոբսի ներկայացրած աուդիտորական ծրագրերին։
Ուսումնասիրման արդյունքում, Եվրոպական Միության Asia Business Finanse Centre հոլդինգը հավաստում է իր պատրաստակամությունը՝ ֆինանսապես աջակցել «Նաիրիտ» գործարանի վերազինմանը, արտադրանքի թողարկմանը և ամբողջությամբ, ողջ ծավալով իրացմանը։
ՀՀ Կառավարության դրական արձագանքի դեպքում մենք պատրաստ ենք առաջարկել մեր պայմանները և քննարկել այն ՀՀ կառավարության ղեկավարության և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ»,- ասվում է նամակի վերջում (29.07.2016թ)։
Իսկ նաիրիտցիներս մեր կողմից ևս մեկ անգամ խնդրում ենք Ձեր միջամտությունը՝ հանձնարարականով հանդես գալու, «Նաիրիտի» խնդրին վերջնական լուծում տալու համար։
«Նաիրիտ» գործարանի վերագործարկման նպատակով, ցույցերը համակարգող խմբի անդամներ՝
Արմեն Դեմիրճյան
Արփի Թագոյան
Գագիկ Ավետիսյան
Թամարա Միրազիզյան
Անահիտ Մանուկյան
Սեդա Մատինյան
Շավարշ Զարգարյան
Արմեն Գիմիշյան
Արագեղեցիկ Կարեյան
Կարինե Շահվերդյան
Վահան Տոնոյան
13.08.2016թ.»: