Բաժիններ՝

Կառավարությունը հավանություն է տվել «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի նախագծին

Գործադիրը հավանություն է տվել «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանում է ֆինանսական համահարթեցման հասկացությունը, սկզբունքները, համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների հաշվարկման և հատկացման կարգերը: Ֆինանսական համահարթեցումը պետության բյուջետային քաղաքականության կարևորագույն գործառույթներից մեկն է` «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական թույլ կարողություններ ունեցող համայնքներին կառավարության կողմից տրամադրվում են ֆինանսական միջոցներ, որոնք համայնքը ծախսում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացման նպատակով:

Դոտացիաների բաշխումն, ըստ համայնքների, իրականացվում է օրենքով սահմանված հետևյալ կարգով՝ նախօրոք համայնքները տարանջատելով 2 խմբի՝ 300 և պակաս բնակչություն ունեցողներ և 300-ից ավելի բնակչություն ունեցողներ: Ելնելով Հայաստանի տեղական ինքնակառավարման առանձնահատկություններից և հաշվի առնելով ֆինանսական համահարթեցման նախորդ տարիների փորձը՝ առաջարկվող ֆինանսական համահարթեցման նոր համակարգը կառուցվելու է մի քանի հիմնարար սկզբունքների հիման վրա՝ համահարթեցման սկզբունքով համայնքներին հատկացվող դոտացիաների հաշվարկման համար հիմք ընդունել համայնքի հաշվարկային եկամտային ունակությունների և համայնքների պարտադիր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսային կարիքները, եկամտային ունակության հաշվարկման համար հիմք է հանդիսանում համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող հողի հարկի և գույքահարկի (նաև ավտոմեքենաների հարկ) հաշվարկային ցուցանիշը, համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող մասհանվող եկամուտների (եկամտահարկ, շահութահարկ՝ եթե մասհանում կնախատեսվի այդ տարվա բյուջեով) և պետական տուրքի փաստացի մակարդակը:

Ծախսային կարիքի հաշվարկման համար հիմք են ընդունում այն գործոնները (ծախսային չափորոշիչներ), որոնք էականորեն ազդում են համայնքի կողմից իրականացվող ծառայությունների (պարտադիր լիազորություններ) իրականացման համար անհրաժեշտ ծախսերի վրա, իսկ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը չափելի է, մատչելի և հավաստի: Ծախսային կարիքների կարգավորիչ գործակիցը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով ծախսային գործակիցների ցուցանիշները և ընդհանուրի մեջ տվյալ գործակցի տեսակարար կշիռը:

Օրենքի նախագծում օգտագործվող տեղեկատվությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի` ընթացիկ տեղեկատվություն` յուրաքանչյուր տարվա հաշվարկների համար օգտագործվող, թարմացվող տեղեկատվություն` որոշ ժամանակահատվածի համար հաստատուն: Ընթացիկ տեղեկատվությունը կոնկրետ համայնքի հետ կապված տեղեկություններ են որոնք անհրահրաժեշտ են այդ համայնքին հասանելիք դոտացիայի չափի հաշվարկման համար և որոշակի ազդեցություն ունեն մնացած համայնքների դոտացիաների չափերի վրա: Այդ տեղեկատվության մի մասը ներկայումս գործող օրենքի պայմաններում նույնպես օգտագործվում է: Համայնքի բնակչության թիվ` համայնքի բնակչության թիվը տվյալ համայնքի տարածքում հաշվառված բնակչության թիվն է` հաշվարկվող տարվան նախորդող տարվա տարեսկզբի դրությամբ: Հողի հարկի և գույքահարկի հաշվարկային գումարի ցուցանիշ`համայնքի հողի հարկի և գույքահարկի հաշվարկային գումարի ցուցանիշները յուրաքանչյուր համայնքի գծով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված՝ այդ համայնքի բյուջե հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարում վճարման ենթակա հողի հարկի և գույքահարկի տարեկան գումարներն են:

Կարդացեք նաև

Նոր պահանջվող տեղեկատվությունն է. պետական տուրքերի հաշվարկային գումարի ցուցանիշ` հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարվա փաստացի ցուցանիշ, համայնքի կենտրոնի հեռավորությունը մարզկենտրոնից, նախկին շրջկենտրոնից և մայրաքաղաքից, համայնքի բարձրությունը ծովի մակերևույթից, համայնքի 0-16 տարեկան և կենսաթոշակային տարիքի բնակչության թիվ, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի թիվ: Նախագծով առաջարկվում են հետևյալ անցումային դրույթները՝ նոր օրենքի նախագծի ամբողջ ծավալով (բնակչությունը` ռեգիստրի տվյալներ, համահարթեցման նոր օրենք) ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2019 թվականի հունվարի 1-ը, 2019 թվականի բյուջետային տարվա համար ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկների կատարման մասով, իսկ ֆինանսական համահարթեցման դոտացիաների հատկացման մասով 2020 թվականի հունվարի 1-ից:

Առաջարկվում է նաև սահմանել, որ 2017, 2018 և 2019 թվականների յուրաքանչյուր համայնքի դոտացիաների հաշվարկի համար, որպես բազային անփոփոխելի գումաը համարվելու է 2016թ. հատկացված դոտացիան և 2017, 2018 և 2019 թվականների դոտացիայի ընդհանուր գումարի՝ 2016 թվականի դոտացիայի ընդհանուր գումարի նկատմամբ հավելաճի բաշխման արդյունքում համապատասխան համայնքին հատկացված դոտացիայի հանրագումարը: Խոշորացված համայնքների 2016թ. դոտացիան հավասարեցվում է այդ համայնքի կազմի մեջ մտնող համայնքների 2016թ. դոտացիաների հանրագումարին, եթե հաշվարկված դոտացիայի գումարը ավելի պակաս է քան նախկին համայնքների դոտացիաների հանրագումարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս