Եղիշե Պետրոսյանի մասով վարույթը կարճվել է. ՔԿ
ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Քննվող քրեական գործերով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ՝ ՔԿ իրավասության շրջանակներում։
Ձեռք բերված ապացույցների գնահատմամբ՝ վարույթն իրականացնող մարմինն օգոստոսի 5-ին որոշում է կայացրել որպես կասկածյալ ներգրավված Եղիշե Պետրոսյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը և նրա մասով վարույթը կարճել։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով օգոստոսի 5-ի դրությամբ որպես մեղադրյալ ներգրավվել է 8 անձ, որոնցից 3-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 5-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով։
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ քրեական գործի շրջանակներում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, անհրաժեշտ օպերատիվ-որոնղական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստտիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
Նախաքննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք պարբերաբար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: