Բաժիններ՝

Ինչո՞վ են վտանգավոր զարգացման կենտրոնները երեխաների համար. հոգեբանի կարծիքը

Այժմ ծնողներից շատերը տարված են երեխաներին շատ փոքր տարիքում զարգացնելու մտքով: Մեկ տարեկանից արդեն երեխաներին սովորեցնում են տառերը, երկու տարեկանում փորձում են սովորեցնել կարդալ և հաշվել, իսկ 3 տարին լրանալուն պես այս ամենին գումարում են օտար լեզվի ուսուցումը: Երեխաները փոքր տարիքում այս ամենը կարող են սովորել, սակայն փորձը ցույց է տալիս, որ այս երեխաները հետագայում բախվում են լուրջ խնդիրների: Հոգեբանները ահազանգում են, որ, եթե բոլոր ծնողները փորձեն նման կերպ զարգացնել իրենց երեխաներին, ապա հետագայում ունենալու ենք առողջ սերնդի խնդիր:

Զարգացման կենտրոնների, երեխային գրագետ սովորեցնելու և զարգացնելու խնդրի մասին է խոսել «Կյանքի առաջին տարվա գլխավոր գաղտնիքը» գրքի հեղինակ, հոգեբան Մարիա Մելիան:

Ըստ Մելիայի՝ սխալ է, երբ շատ փոքրիկ երեխան լուծում է մաթեմատիկական վարժություններ և օգտվում է Google-ի ծառայություններից, բայց չի կարողանում ինքնուրույն կապել կոշիկի կապիչը, կամ չի կարողանում լվացվել այնպես, որ ողջ տունը ջուր չլինի:

«Երբ մենք փորձում ենք 2-3 տարեկան երեխային սովորեցնել խոսել, գրել և հաշվել, նրա ուղեղը գերծանրաբեռնվում է: Այս ծանրաբեռնվածության արդյունքը կարող է միանգամից չերևալ: 7 տարեկանում երեխայի մոտ կարող են նկատվել անկանոն շարժումներ, էմոցիոնալ պոռթկումներ, ագրեսիա, տարբեր վախեր, ինչպես նաև վախեցնող պասիվություն: Ստացվում է, որ մենք շեղում ենք երեխայի ուղեղը բնականոն զարգացումից: Ինչպես ասում են՝ ամեն ինչ իր ժամանակն ունի: Երբ երեխային ստիպում ենք անել այս կամ այն առաջադրանքը, պետք է անպայման հաշվի առնել նրա տարիքը:

Կարդացեք նաև

Երեխային անընդհատ զարգացնելու փորձեր կատարելու փոխարեն՝ ավելի լավ կլինի, որ շատ ժամանակ անցկացնեք նրա հետ, գրկեք, ծանոթացնեք շրջակա միջավայրին:

Երբ ես տեսնում եմ փոքրիկի, ով տանը լինելու, հեքիաթներ լսելու, սիրելի խաղալիքով խաղալու, տատիկին կարկանդակներ պատրաստելիս օգնելու փոխարեն՝ հոգատար ծնողների շնորհիվ՝ ողջ օրն անգլերեն է սովորում, նվագում է 2 երաժշտական գործիքի վրա, հաճախում է մարմնամարզության դասերի, խղճում եմ նրան»,- ասում է հոգեբանը:

Մարիա Մելիան նշում է, որ պետք է գիտակցել, որ երեխայի ու մեծի ինտելեկտը նույնը չեն:

«Երբ մենք մեծ մարդուն համարում ենք խելացի, նշանակում է, որ նա պատասխանատու է, կարողանում է վերլուծություններ անել, ամեն ինչ կարգավորել, խմբավորել: Երբ խոսքը երեխայի մասին է, ով մեկ-երկու տարի անց պետք է դպրոց գնա, խելացի ենք համարում նրան, եթե նա գիտի կարդալ, գրել և հաշվել: Բայց ինչպե՞ս մենք կարող ենք խոսել փոքրիկ երեխայի ինտելեկտի մասին, եթե նա չի կարող ունենալ ոչ դպրոցահասակ երեխայի, ոչ էլ մեծահասակի խելացիության հատկանիշները: Հոգեբանները խելացի են համարում այն մանկահասակ երեխային, ով նոր բան տեսնելիս՝ ռեակցիա է տալիս, ով ունի ճանաչողական ակտիվություն և խոսքի զարգացում: Պարտադիր չէ, որ երեխան կյանքի առաջին տարում կարողանա ցույց տալ թվերը, գույները, տառերը: Մենք պետք է նշենք, թե որքան հետաքրքրասեր է նա, արդյո՞ք հետաքրքրում են նրան շրջակայքում գտնվող առարկաները, լսո՞ւմ է նա խոսակցությունները և առհասարակ ինչպե՞ս է նա փորձում ճանաչել արտաքին աշխարհը: Երեխայի կյանքի առաջին   տարվա ինտելեկտուալ զարգացման ցուցանիշն արտաքին աշխարհը սեփական ձևով ուսումնասիրելն ու թոթովանքով այդ ամենը պատմելն է»:

Մարիա Մելիայի կարծիքով՝ պետք չէ երեխաներին տանել զարգացման կենտրոններ, քանի որ նրա կյանքի առաջին տարում զարգացումը պետք է ապահովեն ծնողները:

Երեխայի նորմալ զարգացումը հնարավոր չէ առանց մեծերի հետ ջերմ, էմոցիոնալ, հագեցած, ինտենսիվ շփման:

«Երեխայի ինտելեկտուալ զարգացումը մարաթոն է՝ երկար ու դժվար աշխատանք: Այս աշխատանքը պահանջում է համբերություն: Իհարկե, հնարավոր է, որ 3 տարեկան երեխան խոսի կատարյալ ճապոներենով կամ հրաշալի կերպով շախմատ խաղալ կարողանա: Բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ է դա անհրաժեշտ: Արդյո՞ք երեխան դրանից ավելի շատ չի տուժի: Փոքր երեխան մեծերի կյանքով ապրելու կարիք չունի: Երեխայի զարգացմամբ պետք է որքան հնարավոր է շուտ զբաղվել, սակայն դրա համար օգտագործել բնականոն զարգացման համար պահանջված գործողություններից ավելին՝ պետք չէ: Ւնտելեկտուալ զարգացման համար լրացուցիչ խթանիչներ անհրաժեշտ չեն:

Սկզբից մենք պետք է ստեղծենք ամուր հիմքը և հետո միայն ավելացնենք գեղեցիկ պատկերներն ու գույները: Եթե մենք չարագացնենք իրադարձությունները, չցանկանանք անմիջապես, շատ արագ ունենալ արդյունք, այլ լինենք համբերատար և իմաստուն, ապա հետագայում կունենանք ավելի մեծ հնարավորություն՝ խելացի և ինտելեկտուալ երեխա ունենալու համար»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031