«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրով կկառուցվի ևս մեկ համալիր
«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի 55/3 հասցեում կառուցել ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր: Ինչպես տեղեկացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, շենքային համալիրի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվելու են Հայաստանի Հանրապետության երիտասարդ մասնագետներին:
Բնակելի համալիրն ունենալու է երկու, երեք և չորս սենյականոց՝ 210 բնակարաններ: Բնակելի համալիրի շինարարությունը մեկնարկելու է 2016թ. սեպտեմբերին և նախատեսվում է ավարտել 2019թ. հունիսին: Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքը լինելու է մոնոլիտ-երկաթբետոնյա: Այն ունենալու է 14 բնակելի հարկ, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղեր: Բնակելի համալիրն ունենալու է ժամանակակից արտաքին լուսավորություն, իսկ շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ և կանաչապատ հանգստի գոտիներ:
Բնակարանները շահառուներին հանձնվելու են ներքին հարդարման երկու տարբերակով` ամբողջությամբ վերանորոգված, որի 1քմ.-ի արժեքը 290000 ՀՀ դրամ է, կամ մասնակի վերանորոգված` 1քմ.-ի արժեքը՝ 270000 ՀՀ դրամ: Բնակարանային արժեքի վճարումը կատարվում է հիփոթեքային վարկավորման կամ կանխիկ վճարման պայմաներով:
Ծրագրի հնարավոր շահառուներ կարող են դառնալ մինչև 45 տարեկան, առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող, բնակարանի կարիքավոր ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների երիտասարդ գիտաշխատողները և դասախոսները, երիտասարդ բժիշկները, մանկավարժները:
Ծրագրի շահառուների ընտրությունը, ինչպես նաև հրապարակային վիճակահանության միջոցով բնակարանների բաշխումն իրականացվում է Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման կողմից:
Ծրագրին մասնակցելու դիմումները ընդունվում են 2016թ. սեպտեմբերի 5-30ը, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունում:
«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրն իրականացվում է «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից, Հայաստանի Հանրապետության Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: