Բաժիններ՝

Թուրքիան հեղաշրջման հետևանքով կորցրել է 100 միլիարդ դոլար

Թուրքիայի տնտեսությունը պետական հեղաշրջման փորձի պատճառով կորցրել է նվազագույնը 300 միլիարդ թուրքական լիրա (շուրջ 100 միլիարդ դոլար), հայտարարել է Թուրքիայի մաքսային և առևտրի հարցերով նախարար Բյուլենթ Թուֆենքչին:

«Եթե մենք գնահատենք այդ բոլոր ինքնաթիռները, ուղղաթիռները, ռումբերը և ավերված շինությունները, ապա դրանց արժեքը կազմում է 300 միլիարդ լիրա նվազագույնը` ըստ նախնական հաշվարկների: Սակայն այդ թիվը կարող է ավելանալ, երբ կատարվեն մանրամասն հաշվարկներ: Օրինակ` բազմաթիվ օտարերկրացիներ չեղյալ են հայտարարել իրենց այցերը մեր երկիր:

Դավադիրները, ցավոք, ստեղծել են երրորդ աշխարհի երկրի իմիջ: Նրանք, որոնք տեսել են փողոցներում տանկեր և խորհրդարանի ռմբակոծությունը, չեն գա Թուրքիա: Այդ ամենը ավելացնում է կորուստները միջնաժամկետ հեռանկարում»,- թուրք նախարարի խոսքերը մեջբերել է Hurriyet-ը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ երկրի շուկաները հաջողությամբ անցել են այդ «դժվարին քննությունը»:

«Եթե նման հեղաշրջում տեղի ունենար այլ երկրներում, ապա ֆինանսական շուկաները, հավանաբար, կփակվեին նվազագույնը 1 շաբաթով: Թուրքիայում հեղաշրջման փորձը տեղի ունեցավ ուրբաթ, երկուշաբթի բոլոր բանկերն ու բորսաները բացվեցին: Գլխավոր ֆոնդային բորսայի ցուցանիշները նվազել էին սահմանափակ ծավալով: Օտարերկրացիները դուրս չեն բերում զգալի կապիտալ մեր շուկաներից»,- հայտարարել է Թուֆենքչին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս