Սերժ Սարգսյանը ահաբեկիչներ անվանեց զինյալ խմբի անդամներին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հասարակության, իշխանությունների և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է.
«Հիմա հնչող քննադատության մասին: Խոսքս, իհարկե, ընդգծված ահաբեկչական ձեռագրով գործող, իրենց մտադրությունները հայրենասիրական և սոցիալական արդարության կոչերի ներքո թաքցնող զինյալների մասին չէ, խոսքս մեր ժողովրդի մի հատվածի մտահոգությունների մասին է: Այո՛, Հայաստանի իշխանությունները կատարյալ չեն: Այո՛, Հայաստանում շատ թերի հարցեր և բարդ խնդիրներ կան: Մեր նպատակը դրանց լուծումներն արագացնելն է:
Այս փուլում մեր նպատակը նաև ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո: Սահմանադրական բարեփոխումները հենց դրա մասին էին, հենց այդպիսի իշխանություն ձևավորելու հիմքն է դրվել այդ բարեփոխումներով: Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման և կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն:
Մենք այդ ճանապարհով ենք գնում, և այդ ճանապարհը քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների դերակատարման մասին է: Կրկնում եմ՝ քաղաքական գործիչների, այլ ոչ թե զենքով ահաբեկչության գնացողների և նրանց սատարողների: Փա՛ռք Աստծո, պետություն և երկիր կառուցելու արժեհամակարգը կիսող քաղաքական գործիչների պակաս, ինչպես տեսաք, մենք այսօր չունենք: Այդպիսիք շատ են քաղաքական բոլոր հոսանքներում: Եվ դա մեր երկրի հարստությունն է»: