Ստորագրվել է իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան փոխադրելու վերաբերյալ պայմանագիրը
Ստորագրվել է իրանական բնական գազը Վրաստան տարանցելու վերաբերյալ պայմանագիրը, հայտնում է ադրբեջանական APA գործակալության իրանական բյուրոն:
Հաղորդվում է, որ ստորագրված պայմանագիրը գործելու է 4 ամիս: Ընդհանուր առմամբ, Իրանից Վրաստան է մատակարարվելու 40 միլիոն խմ գազ:
Անցած շաբաթ Հայաստանի և Իրանի միջև Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման համաձայնության ձեռքբերումից հետո Իրանը Վրաստանի հետ ստորագրել է կարճաժամկետ պայմանագիր` փորձնական շրջանով:
Պայմանագիրը ստորագրել են Իրանի Ազգային գազային ընկերությունն ու Վրաստանի GIEC գազային ընկերությունը:
Պայմանագրի ժամկետի երկարաձգումն ու Վրաստան մեծ ծավալով գազամատակարարումները հնարավոր կդառնան միայն Հայաստանից համապատասխան թույլտվություններ ստանալուց հետո:
GIEC ընկերությունը գործունեություն է ծավալում 2005 թվականից, ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Թբիլիսիում:
Ընկերությունը գործում է արդյունաբերական ձեռնարկությունների համար գազի գնման, ինչպես նաև էներգակիրների փոխադրման և արտադրության ոլորտներում:
Հավելենք, որ անցած շաբաթ Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարեց, որ Իրանը մոտ ժամանակներս ձեռնամուխ կլինի Հայաստանի տարածքով Վրաստան գազի տարանցման պայմանագրի կնքմանը: