Արծվիկ Մինասյանը՝ ՊՊԾ գնդի վրա հարձակման մասին

«Բնական է, որ իրավիճակի լիցքաթափումը պահանջում է, որպեսզի հանդուրժողականությունը տիրի, ողջախոհությունը հաղթի, և զինված հարձակումը կազմակերպած անձինք ընկալեն, որ ՀՀ-ում պետք է գործի օրենքը, սահմանադրական նորմը և օր առաջ կայացնեն որոշում՝ հանձնվելու մասին, ինչը նաև թույլ կտա հետագա գործընթացներն օրենքի, Սահմանադրության շրջանակներում պատշաճ իրականացնել»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու դեպքին:

Հարցին՝ այդ անձինք իր համար ապստամբնե՞ր են, թե՞ ահաբեկիչներ, Արծվիկ Մինսյանը պատասխանեց, որ այդ հարցին այս պահին կարող է պատասխանել՝ ընդամենը ըստ այն գործողությոնների, որոնք նկարագրվում են: Նրա խոսքով՝ ՀՀ քրեական օրենսգրքում պատանդ վերցնելու հոդված առկա է, ինչը կարծես թե չի հերքում որևէ կողմ: «Ինչ վերաբերում է այլ ընկալումներին, ես վստահ եմ ու համոզված, որ դա առաջիկայում քննարկվելու է»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ որքանով հետևել է ոստիկանության գործողություններին, նույնիսկ բարձր է գնահատում հանդուրժողականության այն մակարդակը, որ ցուցաբերվել է: «Եթե մանրամասն քննություն իրականացվի իրավասու մարմինների կողմից, այդ թվում նաև Մարդու իրավունքների պաշպանի գրասենյակի կողմից, ես համոզված եմ, որ կարող են լինել առանձին դրվագներ, դեպքեր, երբ կա ոչ իրավաչափ վարքագիծ կամ ոչ համաչափ դրսևորում, բայց նաև ձեզ ուզում եմ կոչ անել, որ դուք էլ պետք է հասարակության մեջ հանդուրժողականություն քարոզեք: Երբ առանձին դրվագներում տեսնում եք, որ ակնհայտ սադրիչներ կային, որոնք բախումներ էին հրահրում, այդ մարդիկ նաև վերջին հաշվով բոլորի իրավունքների ոտնահարման գործողություններ էին անում»:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ այս պահի դրությամբ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն՝ որպես իրավապահ համակարգի հիմնական պատասխանատու, իրականացնում են իրենց սահմանադրական լիազորությունները:

Կարդացեք նաև

Արծվիկ Մինասյանն ասաց, որ կառավարության նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հայտարությամբ: «Ես՝ որպես կոալիցիայի անդամ քաղաքական ուժի ներկայացուցիչ, ասում եմ, որ այս պահին գործընթացը գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում՝ ի դեմս ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության: Թողեք հանգուցալուծվի, ավելորդ լարվածություն պետք չէ տեղծել»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ այն տղաները, որոնց գոնե մի մասն Արցախի ազատագրական պայքարում ներդրել են իրենց կյանքը, ողջախոհություն կդրսևորեն և իրավիճակի լիցքաթափելու գործողություններով հանդես կգան:

Նա նշեց, որ իր համար ակնհայտ է, որ անհանդուրժողականությունը հասարակության մեջ դարձել է այն աստիճան, որ մարդիկ անգամ մտածում են, որ քաղաքական խնդիրներ կարելի է լուծել այդ ձևերով: «Եթե մենք անգամ մտածենք, որ սա քաղաքական խնդիր է, եթե անգամ մտածենք, ապա ակնհայտ է չէ՞, որ դա ձև չէ: Ես նաև տեսնում եմ առանձին հասարակական գործիչների հայտարարություններ, փորձ են անում այս դեպքերը զուգորդել, օրինակ, ազգային ազատագրական պայքարում 20-րդ դարի առաջին կեսի գործընթացների հետ, որոնք ոչ միայն բացարձակ տեղին չեն, խեղաթյուրում են ամեն ինչ, այլ նաև սա մեր ազգային արժանապատվությանը հարված է նման համեմատություններ տալը»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս