Բաժիններ՝

«Երեկվա դեպքերն ի ցույց դրեցին մեր իշխանությունների՝ չուղղվելու,  դեպքերի, հանգամանքների մեջ խորամուխ չլինելու հատկությունը». Վարդան Հարությունյան

«Հայաստանյան իշխանություններն այս տարիների ընթացքում քաղաքական գործընթացները՝ ընդդիմություն և իշխանություն հարթությունում, վերածել են թշնամության: Այն, ինչ տեղի ունեցավ երեկ և տեղի է ունենում այսօր, այդ թշնամության արտահայտումն է: Երբ քաղաքական իշխանությունը իր օպենենտին սկսում է դիտարկել ոչ որպես քաղաքական մրցակից, այլ որպես զոհ, որին պետք է խժռել, այդ զոհերից ոմանք՝ փակուղիներում հայտնվելով, ճանապարհներ գտնելու ունակություն չունենալով, այլ ուղիներ չգտնելով՝  դիմում են այսպիսի ծայրահեղ և դատապարտելի քայլի: Անկախ ամեն ինչից ու մեր իշխանությունների որակից՝ չի կարելի քաղաքական խնդիրները լուծել զենքի միջոցով: Արյունահեղությունն առավել ևս դատապարտելի ու միանշանակ անթույլատրելի է»,-այսօրվա քննարկման ժամանակ այս մասին ասաց «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ այն, որ գործընթացները քրեական դաշտ են մղել մեծամասամբ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, միանշանակ է. «Բացի դրանից՝ երեկվա դեպքերը ի ցույց դրեցին մեր իշխանությունների՝ չուղղվելու,  դեպքերի, հանգամանքների մեջ խորամուխ չլինելու հատկությունը: Նրանք իրենց գործողություններն ուղղեցին հասարակության վրա: Փողոցներից, հրապարակներից երիտասարդներին հավաքել ու ոստիկանական բաժամունքներ տանելը , անօրինական ձերբակալությունները, նվաստացուցիչ գործողությունները նրանց նկատմամբ, այդ ամենը մարդկանց, երիտասարդներին դրդում են այսպիսի քայլերի: Նորմալ, խելքը գլխին իշխանությունը պետք է հաշվի նստի երկրում ստեղծված այս իրականության հետ»:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը,  շարունակելով գործընկերոջ խոսքը, ասաց, որ այնպես, ինչպես արձագանքում են իշխանություններն այս երևույթին, որևէ առնչություն չունի Հայաստանի սահմանադրական կարգի հետ. «Հայաստանում սահմանադրական կարգն այլ բան է ենթադրում: Հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, տարբեր բնակավայրերում ակտիվիստներն ազատազրկվել են, ու ազատազրկման նպատակը եղել է՝ ուղղակի ազատությունից զրկումը: Դա քողարկված է եղել այլ պատրվակների տակ. ասենք՝ կասկած՝ զենք տեղափոխելու մեջ: Օրինակ՝ Լևոն Բարսեղյանի պարագայում հայտարարվել է, որ կասկածվում է զենք տեղափոխելու մեջ: Այդ կասկածը պետք է լինի քրեական հետապնդման շրջանակներում և իրական: Մարդուն հենց այնպես չեն կասկածում զենք տեղափոխելու մեջ: Մարդիկ կան, որ 14 ժամ գտնվել են անազատության մեջ և ուղղակի, առանց որևէ դրդապատճառի, արդարացված որևէ հիմքի, ենթարկվել են բռնությունների: Մարդկանց հանդեպ այդ բռնություններն իրականացնող խմբի գործողություններն օրենքից դուրս են»:

Նրա կարծիքով՝ Ազգային ժողովն այստեղ լուրջ անելիքներ ունի. «ԱԺ-ն պետք է արտահերթ նիստ հրավիրի ու լսումներ արվեն այս թեմայով: Զեկուցեն, թե ինչ իրավական հիմքով են մարդկանց ազատությունից զրկում: Այն պատճառները, որոնք բերվում են, պատրվակներ են, իրական պատճառը մարդկանց ֆիզիկապես մեկուսացնելն է, ինչը դատապարտելի է»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս