«Երևանում տեղի են ունենում ոչ դեմոկրատական գործընթացներ, որոնք քաղաքական գործընթաց անվանել հնարավոր չէ». Խաչատուր Քոքոբելյան

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Նա նշեց, որ լինելով ազատական քաղաքական գործիչ, իշխանափոխության կողմնակից, անընդունելի է համարում այն ամենը, ինչ այս պահին տեղի է ունենում մայրաքաղաքում` հաշվի առնելով այն իրավիճակը և ժամանակահատվածը, որում գտնվում են մեր պետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը.

«Նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վրա բազմաբնույթ ճնշումները (դրանց մասին խոսվում է, թե չի խոսվում, միևնույնն է, դրանք առկա են) պատերազմի մեջ գտնվելու հանգամանքը, մեր հարևան պետություններում տեղի ունեցող աշխարհաքաղաքական և ռազմական գործընթացները (նկատի ունեմ ներքին հեղաշրջման փորձերը, և այլն)»,-ասաց նա:

Ընդգծելով իշխանափոխության անհրաժեշտության համոզված կողմնակից լինելու հանգամանքը` նա նշեց, որ կողմերը փաստում են, որ կան պատանդներ, վիրավորներ, ինչը խոսում է այն մասին, որ Երևանում տեղի են ունենում ոչ դեմոկրատական գործընթացներ, որոնք քաղաքական գործընթաց անվանել հնարավոր չէ:

Կարդացեք նաև

Խոսելով այս ամենի հետևանքների մասին` նա նշեց, որ յուրաքանչյուր զոհ, որ կարող է լինել, մեր երկրի համար անցանկալի և անդառնալի հետևանք է:

«Ինչո՞ւ ոչ` կապված նաև Հայաստանի Հանրապետության իմիջի հետ, անկախ ամեն ինչից՝ որպես երկիր, որպես պետություն, այն տարածաշրջանում, որտեղ կարծես թե ամեն ինչ հարթ չէ և մենք, ունենալով ամենակարևորագույն խնդիրը` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության անվտանգության, բնական է, որ Հայաստանի Հանրապետության ներքին կյանքում այնպիսի դրսևորումներ, որտեղ կարող են պատանդներ լինել, որտեղ կարող են վիրավորներ լինել, ինձ համար անընդունելի է, և սա կարող է բերել ոչ ցանկալի հետևանքների, նաև միջազգային հետևությունների առումով` միջազգային կառույցների և սուբյեկտների մեկնաբանություններին տեղ տալու առումով»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս