Կառավարությունը պահուստային ֆոնդից գումար կհատկացնի Ոստիկանությանը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում որոշում կայացրեց՝ Ոստիկանությանը գումար հատկացնել:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ասաց, որ նախատեսվում է պահուստային ֆոնդից Ոստիկանությանը հատկացնել 22 մլն 683 հազար դրամ՝ սեպտեմբերի 1-ից նույնականացման քարտեր և կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրեր տրամադրելու համար քաղաքացու մատնադրոշմները վերցնելու նոր համակարգի գործարկման համար անհրաժեշտ համակարգչային սերվերները և ծրագրային փաթեթները ձեռք բերելու նպատակով:
Նախագծով առաջարկվում է նաև թույլատրել գնումները համարել անհետաձգելի և գնման գործընթացն իրականացնել բանակցային ընթացակարգը կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:
«Սա քայլերից մեկն է, որ մենք նախապատրաստվում ենք ընտրություններն անցկացնել ավելի թափանցիկ, և կառավարությունն իր պարտավորությունները սկսում է կատարել: Սա առաջին պարտավորությունն է, որպեսզի մենք ֆինանսավորենք՝ գնեն այդ սարքավորումները»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: