Բաժիններ՝

«Հայաստանում բնական աճի ցուցանիշը աստիճանաբար նվազում է, մենք գնում ենք զրոյացման». մասնագետ

Վերջին 20 տարում Հայաստանում աճել են կեսարյան հատումով իրականացվող ծննդյան դեպքերը: Այս մասին այսօր հայտարարեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

«Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կեսարյան հատումների ընդունելի շեմը 5% է, մինչդեռ 2014 թվականին Հայաստանում այն հասել է 25.8%-ի: Չնայած այն նվազեցնում է մայրական մահացության դեպքերը, այնուամենայնիվ թողնում է լուրջ առողջական հետեւանքներ»,- նշեց Գարիկ Հայրապետյանը:

Ինչ վերաբերում է վերարտադրողական առողջության ոլորտին, նա առանձնակիորեն ընդգծեց տղամարդկանց վերարտադրողական խնդիրները՝ նշելով, որ շագանակագեղձի քաղցկեղը երկրում մահացության պատճառների շարքում զբաղեցնում է 10-րդ տեղը՝ 100 հազար բնակչի հաշվով հասնելով 18.81-ի:

Նա նաեւ նշեց, որ տարածաշրջանում ծնելիության բարձր ցուցանիշ ունեցող առաջին երկու երկրները Թուրքիան եւ Ադրբեջանն են՝ համապատասխանաբար գրանցելով 2.10 եւ 2.30% գործակից: Հայաստանում այն կազմում է 1.55%: Ադրբեջանը նաեւ միակ երկիրն է տարածաշրջանում, որը պահպանում է բնական աճի որոշակի տեմպ՝ 1.2%, իսկ Հայաստանում այն 0.3% է:

«Մեր կանխատեսումներով՝ Հայաստանում բնական աճի ցուցանիշը աստիճանաբար նվազում է, մենք գնում ենք զրոյացման: Սրա պատճառները մի քանիսն են՝ ծնելիության անկում, միգրացիոն հոսքեր եւ, բնականաբար, ազգաբնակչության ծերացումը»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս