Բաժիններ՝

«Կարծում եմ՝ նոր լարվածություն չի առաջացնի». Տնտեսագետը՝ էլետրաէներգիայի սակագնի բարձրացման մասին

Հոսանքի գինն օգոստոս ամսից կթանկանա, քանի որ ՀՀ կառավարությունն էլեկտրաէներգիայի սակագնի մասամբ սուբսիդավորումը շարունակելու վերաբերյալ նոր որոշում չի կայացրել: Այս մասին news.am-ի թղթակցի գրավոր հարցին ի պատասխան՝ հայտնել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից:

168.am-ի հետ զրույցում Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նկատեց, որ Կառավարությունը և Հայաստանի էլեկտրական ցանցերը բարի կամք դրևորեցին, որ 1 տարի որոշեցին սուբսիդավորել հոսանքի գինը՝ 250 կիլովատտ ժամ օգտագործման դեպքում:

«Սուբսիդավորման չափը եղել է մոտավորապես 1700 դրամ, մոտ 3.5 եվրո: ՀԷՑ-ի ներկայացուցիչների հետ իմ հանդիպումները ցույց են տվել, որ միջին հաշվով մոտ 5 000 ընտանիքներ կարողացել են օգտվել այդ 250 կիլովատտի ռեժիմից, ու փաստորեն Հայաստանի ընտանիքների մեծ մասը բավականին աղքատ վիճակում են, և նրանք շատ համեստ են օգտագործում էլեկտրաէներգիան, դրա համար իրենց ծախսերը եղել են մինչև 250 կիլովատտ: Գումարը, իհարկե, մեծ չէ, բայց հաշվի առնելով աղքատության մակարդակը՝ այդ 1700 դրամը գուցե իրենց համար էական էր»,- նշել է Գ. Մակարյանը:

Ըստ նրա՝ այս տարի արդեն տնտեսության մեջ բավականին աշխուժացում կա. «Բիզնեսների հետ շփվելով՝ կարող եմ ասել, որ արդեն առևտրի ոլորտում կամ այլ ոլորտներում որոշակի աշխուժացում նկատվում է, նաև Ռուսաստանի վիճակն է որոշ չափով լավացել: Այդ բոլորը բերում է նրան, որ եկամուտները ժողովրդի մոտ մի քիչ կսկսեն ավելանալ, ու կարծում եմ, որ այդ 1700 դրամն այլևս կարող է իրենց համար այդպես կրիտիկական չլինել: Որոշակի ծախսերի առումով իրենք այդպես խոչընդոտների մեջ չեն ընկնի»:

Գ. Մակարյանը նշեց, որ ինքը հենց սկզբից էլ համաձայն չի եղել այդ սուբսիդավորմանը: Նրա կարծիքով՝ հատկապես փոքր բիզնեսի դեպքում այդ գումարն անտեղի է տրված, որովհետև փոքր բիզնեսն այդ գումարն իր վրա չի էլ զգում, ու դա էական չէ: Ըստ տնտեսագետի՝ ավելի լավ է՝ կառավարությունն այդ գումարներն օգտագործի սոցիալական նպատակների համար:

«Մեկ տարի սուբսիդավորելով՝ կառավարությունն այդ անցումային շրջանն ապահովեց, երբ ժողովրդի մեջ կար բողոք, միտինգներ էին լինում, այնպես որ, շատ դրական եմ գնահատում, բայց նաև ճիշտ եմ համարում, որ հիմա այդ միջոցներն ուղարկվեն սոցիալական նպատակների համար»,- նշեց Գ. Մակարյանը:

Նա չի կարծում, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումով թանկացումներ կլինեն՝ «մանավանդ, որ դա շատ էական չէ»: Մեր զրույցակիցը նկատեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը նաև նվազեց գազի էժանացմամբ. «Տարբերություն կարող է՝ կա, բայց չեմ կարծում, որ բիզնեսի վրա այդպես ազդեցություն կթողնի: Հանդարտ տրամադրություն և հանդարտության իրավիճակ եմ կանխատեսում»:

Մեր այն հարցին, թե անցյալ տարի, երբ կառավարությունն այդքան բողոքի ցույցերից հետո գնաց այդ քայլին, շատերը նշում էին, որ դա ուղղակի «աչքկապոցի» է, հանրությանը հանգստացնելու համար է արվում, բայց, փաստորեն, դուք այդ քայլն արդարացվա՞ծ եք համարում, Գ. Մակարյանը պատասխանեց, որ այդ քայլն արդարացված էր, իր խնդիրը լուծեց:

«Այսօրվա իրավիճակով՝ համարում եմ արդեն խնդիրը կարգավորված, իր դերակատարությունը կատարել է այդ քայլը: Կարծում եմ՝ նոր լարվածություն չի առաջացնի: Կարող է այդ ժամանակ քաղաքական և դիվանագիտական առումով այդպես արվեց, որ նաև հանգստացներ հանրությանը, որովհետև միտինգավորներ, բողոքավորներ շատ կային, բայց հիմա, կարծում եմ, խնդիրը լուծված է, ու կառավարությունը հիմա տեղ էլ ունի, գազի էժանացման շնորհիվ կարողացավ հոսանքն էլ էժանացնել»,- եզրափակեց Գ. Մակարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս