Բաժիններ՝

«Մթերքը սառնարանում 2-3 օրից ավելի չպետք է պահել». մասնագետ

Մանրէների զարգացման համար ամառը շատ նպաստավոր ժամանակահատված է: Ամռանը սննդով և մաշկային հիվանդություններով վարակվելու վտանգները շատ մեծ են: Ինչպես սննդամթերք օգտագործելիս, այնպես էլ հանգստի ժամանակ հարկավոր է պահպանել հիգիենայի կանոնները: ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանի խոսքով՝ ամռանը գրանցվում են ինչպես սնկերից թունավորումներ, այնպես էլ բոտուլիզմով թունավորումներ: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի սնկերով թունավորման դեպքերի քանակը շատացել է: Մինչև հուլիսի 8-ի տվյալներով գրանցվել է 18 դեպք՝ 32 տուժածով, որոնցից 11-ը մինչև 14 տարեկան երեխաներ են: Սնկից թունավորումների մեծ մասը գրանցվել են Լոռու մարզում՝ 11 դեպք՝ 17 տուժածով, որոնցից 4-ը մինչև 14 տարեկան երեխաներ են: Անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էին թունավորման 13 դեպք 20 տուժածով:

Նա խորհուրդ տվեց սնկերի ախտանիշների՝ սրտխառնուքի, թուլության, փսխոցի, լուծի, որովայնի շրջանում ցավերի ի հայտ գալուն պես միանգամից դիմել բժշկի: Իսկ հղի կանանց, երեխաներին, կերակրող մայրերին հետագա բարդություններից խուսափելու համար նա խորհուրդ տվեց ընդհանրապես սունկ չօգտագործել: Նա հորդորեց չգնել անհայտ մարդկանց կողմից հավաքված, անծանոթ ծագման, մայրուղիներում առանց փաստաթղթի վաճառվող սունկը:

Բաբայանի խոսքով՝ այս տարվա 6 ամսվա կտրվածքով նվազել են բոտուլիզմի դեպքերը: Ունենք 4 դեպք 10 տուժածով: Անցած տարվա տվյալները եղել են 15 դեպք, 17 տուժած: Սակայն այս տարի գրանցվել է մահվան մեկ դեպք:

«Ես միշտ խորհուրդ եմ տալիս չպահածոյացնել, բայց եթե պահածոյացրել եք և օգտագործում եք, գոնե եռման պահից սկսած նրա պարունակությունը եռացնել 20-25 րոպե և հետո նոր օգտագործել: Ընդհանրապես խորհուրդ եմ տալիս այլ եղանակներով պահածոյացնել՝ չորացնել կամ սառցախցիկում պահել, աղ դնել ու ոչ հերմետիկ փակել: Սննդամթերք գնելիս անպայման նայեք ժամկետին: Տանը միշտ պահպանեք հիգիենայի կանոնները: Մթերքը սառնարանում 2-3 օրից ավելի չպետք է պահել: Եփած ճաշը հարկավոր է սենյակային պայմաններում պահել 2-3 ժամ, այնուհետև դնել սառնարանում, որպեսզի չփչանա: Դրանք օգտագործելուց առաջ տաքացրեք 70 աստիճանից բարձր ջերմաստիճանում: Եթե կարելի է, խուսափեք կրեմային հրուշակեղենից: Իսկ ձուն անպայման հարկավոր է լվանալ»,- նշեց ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ մանրէների զարգացման համար ամառը շատ նպաստավոր ժամանակահատված է: 5-60 ջերմաստիճանը, դա նպաստավոր պայման է, որպեսզի մանրէները զարգանան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս