Համոզված է եղել, որ հորեղբոր դուստրն արտաամուսնական կապի մեջ է գյուղի բնակիչ երկու եղբայրների հետ. ինչու է դանակահարել քրոջը
Կոտայքի մարզում այս տարվա մարտի 9-ին եղբոր կողմից քրոջը դանակահարելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ա. Խուդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համոզված լինելով, որ հորեղբոր դուստրն արտաամուսնական կապի մեջ է գտնվում մարզի բնակիչ երկու եղբայրների հետ, ապօրինաբար հորեղբոր դստերը կյանքից զրկելու դիտավորությամբ, նրան ամուսնու մոտ ուղեկցելու պատրվակով, 2016թ. մարտի 9- ին, ժամը 17:00-ի սահմաններում, տանից տաքսի ավտոմեքենայով տեղափոխել է գյուղից Մրգաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում տեղակայված կիսաքանդ շինություն, որտեղ իր հետ նախապես վերցրած դանակի բռնակով, ապա՝ դրա շեղբով, բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ դեմքին ու մարմնի այլ մասերին, որից հետո տեսնելով, որ կինն անշարժ ընկած է գետնին՝ հեռացել է՝ համոզված լինելով, որ սպանել է նրան, մինչդեռ հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ կնոջը հաջողվել է, մարմնական վնասվածքներով հանդերձ, ջանքեր գործադրելով՝ դուրս գալ ավտոճանապարհ, ապա նկատվելով անցորդների կողմից՝ տեղափոխվել «Արմենիա ՀԲԿ» ՓԲԸ ու ստանալ անհետաձգելի բուժօգնություն:
Քրեական գործը մակագրվել է դատավոր Վաղինակ Մկրտչյանին, ով հունիսի 30-ին քրեական գործը վարույթ է ընդունել: