«Մոսկվան ու Անկարան կլուծեն Ղարաբաղի ու քրդական հարցերը». Ժիրինովսկի
Ռուսաստանն ու Թուրքիան, միավորելով իրենց առևտրա-տնտեսական, ռազմական ջանքերը, ի վիճակի են լուծել և´ ղարաբաղյան հակամարտությունը, և´ քրդական խնդիրը: Այս մասին նախօրեին ադրբեջանական «Լիդեր-TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Այս մասին տեղեկացնում է eurasnews.ru-ն:
«Եթե Թուրքիան զարգացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա դա դարավոր բարեկամություն կլինի: Տնտեսական, առևտրային, արդյունաբերական ոլորտում միայն դրական կողմեր են, ոչ մի բացասական բան: Մենք հյուսիսն ենք, նրանք՝ հարավը: Մենք պատրաստ ենք նրանցից վերցնել այն, ինչ արտադրում է հարավային երկրի տնտեսությունը, ներառյալ՝ լողափերն ու ծովը, իսկ նրանց տալ այն ամենը, ինչ հարկավոր է հյուսիսային երկրից:
Հիմա թուրքերը ռուսներին ավելի լավ են վերաբերվում, քան լեհերը, ֆիններն ու անգամ Ուկրաինայում: Ոչ մի հակառուսական ակցիա Թուրքիայում գրեթե չկա: Մենք ելնում ենք իրողություններից, որ Թուրքիայի մեծաթիվ բնակիչներ շատ լավ են վերաբերվում Ռուսաստանին»,- հայտարարել է Ժիրինովսկին:
«Եթե Թուրքիան և Ռուսաստանը միավորեն իրենց առևտրային, տնտեսական, ռազմական ջանքերը, ապա թե´ քրդական խնդիրը, թե´ հայկականը, ինքնին կանհետանան: Ինքնըստինքյան կլուծվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը, և Ադրբեջանը գոհ կմնա, այսինքն՝ հիանալի հեռանկարներ կան ողջ Կովկասի և Մերձավոր Արևելքի համար»,- ասել է նա:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է տեսնում ԼՂ հակամարտության կարգավորումը, Ժիրինովսկին ասել է, թե «մենք այստեղ չենք կարող լուծել, դա թող Կրեմլում լուծեն, մեր նախագահը թող լուծի»:
«Սակայն կարելի է գտնել ինչ-որ առանձնահատուկ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որ գոհ լինեն և´ հայերը, և´ ադրբեջանցիները: Այսինքն՝ գտնեն ինչ-որ միահյուսված տարբերակ, որպեսզի ոչ ոք ոչնչի չհավակնի, չխոչընդոտի, ինչպես ասում են, լինի ազատ քաղաքական գոտի, ինչպես ազատ քաղաք, ինչպես Կոստանդնուպոլիսն ու Դանցիգը, այնպիսի տարբերակ, որ և´ գայլերը կուշտ լինեն, և ոչխարները՝ ողջ»,- հայտարարել է քաղաքական գործիչը։



