«Թուրքիան չէր կարող առանց ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ համաձայնության նման հայտարարություն անել»

Կրծքում տաքացրած օձի` «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար Թուրքիան աջակիցներ է փնտրում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: «Թուրքիան իր իսկ վարած քաղաքականության հետևանքով հայտնվել է ծանր վիճակում, դրանով են պայմանավորված Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը: Թուրքիան ժամանակին համագործակցում էր «Իսլամական պետության» հետ` պայքարելով քրդերի դեմ, բայց վերջին շրջանում, սկսել է համագործակել «Ջաբաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հետ: «Իսլամական պետության» պատասխանը չուշացավ, և ահա Թուրքիան ներկայում փնտրում է աջակիցներ սեփական կրծքում տաքացրած ու իրեն խայթած օձի դեմ պայքարելու համար»,-ասաց Անուշ Հովհաննիսյանը` դրանով պայմանավորելով Թուրքիայի` ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցության մասին հայտարարությունները:

Անուշ Հովհաննիսյանը նկատեց, որ թեպետ Թուրքիան խոսում է ահաբեկչության դեմ պայքարի մասին, ու աջակիցներ է փնտրում «Իսլամական պետության» դեմ պայքարի գործում, բայց դա բոլորովին չի նշանակում, որ այն կդադարի աջակցել իր ուզած ահաբեկիչներին:

Անդրադառնալով մամուլում տեղ գտած այն տեղեկատվությանը, որ Թուրքիան պատրաստ է «Ինջիրլիք» ավիաբազան տրամադրել Ռուսաստանին ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում, որը հետագայում հերքվեց, Անուշ Հովհաննիսյանը նշեց, որ Թուրքիան չէր կարող առանց ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ համաձայնության նման հայտարարություն անել:

«Այդ տարածքը Թուրքիայինն է, բայց այն վարձակալել են ՆԱՏՕ-ի գործընկերները, հետևաբար` Չավուշօղլուն իրավասու չէ առանց ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համաձայնեցման նման բան հայտարարել: Դրանից բացի, ռուսների տնօրինության տակ է Սիրիայի Հմեյմիմ օդանավակայանը և լրացուցիչ օդանավակայանի օգտագործման անհրաժեշտության մասին հայտարարություն չի եղել»,-հավելեց Անուշ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե Թուրքիան պատրաստ է Ռուսաստանին տրամադրել «Ինջիրլիք» ավիաբազան։ Ռուսական կողմն էլ դա բարեկամական քայլ էր համարել: Ավելի ուշ այդ տեղեկատվությունը հերքեց Թուրքիայի ԱԳ նախարարը:

 

Տեսանյութեր

Լրահոս