Բաժիններ՝

Հայաստանից և Սփյուռքից 33 երիտասարդ մասնագետներ նոր ուսումնական տարում կդասավանդեն մարզերի դպրոցներում

Նոր ուսումնական տարում բարձր որակավորում ունեցող  33 երիտասարդ մասնագետներ կմեկնեն Հայաստանի մարզեր՝ դասավանդելու մասնագետների պակաս ունեցող դպրոցներում:

Teach For Armenia («Դասավանդի՛ր, Հայաստան») կրթական հիմնադրամը, Scholae Mundi Armenia եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամների հետ համատեղ, UWC Dilijan քոլեջում հուլիսի 4-ին կազմակերպեց Teach For Armenia-ի 2016 թվականի ծրագրի մասնակիցների առաքելության մեկնարկի արարողությունը:

Միջոցառման հյուրերն էին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ծրագրի մասնակից դպրոցների, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ:

Նոր ուսումնական տարում Teach for Armenia-ի կողմից ընտրված, բարձր որակավորում ունեցող 33 երիտասարդ մասնագետները կմեկնեն Հայաստանի մարզեր՝ դասավանդելու մասնագետների պակաս ունեցող դպրոցներում: Teach For Armenia հիմնադրամը համագործակցում է Հայաստանի հինգ մարզերի 40 դպրոցների հետ: Երիտասարդ մասնագետների նոր խումբը կմիանա նախորդ տարվա՝ 14  մասնակիցներից կազմված  խմբին, ովքեր արդեն մեկ տարի է, ինչ դասավանդում են Լոռու, Տավուշի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներում: Այս տարի ծրագիրը կընդգրկի նաև Արագածոտնի  մարզը:

Կարդացեք նաև

Teach For Armenia -ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Լարիսա Հովհաննիսյանը, «Scholae Mundi Armenia», IDeA հիմնադրամների, UWC Dilijan քոլեջի համահիմնադիր և Teach For Armenia-ի տնօրենների խորհրդի անդամ Վերոնիկա Զոնաբենդը ողջունեցին ծրագրի մասնակից երիտասարդներին և հայտարարեցին Teach for Armenia 2016 ծրագրերում նրանց ներգրավման մասին:

photo1

«Դուք մեծ պատասխանատվություն եք ստանձնել, և մենք ավելի քան վստահ ենք, որ պատվով կկատարեք ձեր առաքելությունը։ Հիշե՛ք, որ դուք բացառիկ հնարավորություն ունեք ձեր ներդրումը կատարելու Հայաստանի գալիք սերնդի կայացման գործում: Ձեր պատասխանվությունն է ոչ միայն ապահովել ձեր աշակերտների ակադեմիական առաջընթացը, այլև բացահայտել յուրաքանչյուր աշակերտի ողջ ներուժը»,-նշեց Լարիսա Հովհաննիսյանը։

Larisa Hovhannisyan

Teach For Armenia եւ  Scholae Mundi Armenia հիմնադրամները 2016 թվականին միավորել են ջանքերը՝ յուրաքանչյուր երեխայի համար մատչելի եւ հավասար կրթական հնարավորություն ապահովելու նպատակով: «Scholae Mundi Armenia» առաքելությունն է աջակցել Հայաստանի կրթության ոլորտում առավել առաջատար մոտեցումների տարածմանը, որոնք երկարաժամկետ հեռանկարում սոցիալական փոփոխությունների կատալիզատոր կդառնան:

«Scholae Mundi Armenia» հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդի խոսքով՝ կրթությունը վստահության վրա է կառուցվում, և այսօր այդպիսի օրինակի վկան ենք. «Առկա է նախարարության վստահությունը նախաձեռնության նկատմամբ, իրենց կյանքի երկու տարին մարզերի դպրոցներում անցկացնելու և աշխատելու ոչ դյուրին գործի նկատմամբ երիտասարդների վստահությունը, մարզպետարանների և դպրոցների ղեկավարության վստահությունը երիտասարդ կադրերի նկատմամբ: Հուսով եմ, որ 2-3 տարի անց մենք կտեսնենք այդ աշխատանքի պտուղները: Ուրախ եմ նաև ողջունել Teach for Armenia-ին, որովհետեւ այն միջազգային մեծ ցանցի անդամ է, որի միջոցով Հայաստանը դառնում է աշխարհի կրթական ոլորտում իրականացվող միջազգային ամենաառաջատար նախաձեռնությունների մասը»:

Veronika Zonabend

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհավորելով երիտասարդներին և ծրագրի կազմակերպիչներին, նշեց. «Ուրախ եմ, որ ունենք մեր հայ կամավորները, ովքեր գնում են Հայաստանի մարզեր՝ իրենց պարտքը կատարելու: Բացի զուտ ուսուցչական առաքելությունից, դուք կատարում եք շատ մեծ քայլ, դուք հայկական իրականության մեջ ցույց եք տալիս, որ մենք այնքան կազմակերպված, հասուն ժողովուրդ ենք, որ մեր երիտասարդները նույնպես կարող են գնալ ծառայելու ժողովրդին և օգնել այն տարածքներին, որտեղ դրա կարիքը կա: Սա շատ կարևոր սկզբունք է: Դժվարություններ կլինեն իհարկե, բայց այն, որ այդպիսի երիտասարդների թիվը բազմապատկվում է, նշանակում է մեզ մոտ սկսվում է մի շարժում , որն իր մեջ շատ խորը հենք ունի՝ դա մեր ժողովրդի նվիրվածությունն է կրթությանը և հաջորդ սերնդին դաստիարակելու պատրաստակամությունը»:

Levon Mkrtchyan

Teach for Armenia-ի ծրագրի մասնակիցները ինչպես Հայաստանից (Երևանից և մարզերից), այնպես էլ սփյուռքի հայկական համայնքներից են։ Հայաստանի՝ մասնագետների պակաս ունեցող դպրոցներում դասավանդելու համար ընտրվում են բազմակողմանի զարգացած, շնորհալի եւ եռանդուն անհատներ, ովքեր կրթական, առաջնորդության և միջանձնային հարաբերությունների բավարար փորձ և հմտություններ ունեն։ Teach for Armenia-ի հավաքագրման և ընտրության թիմը, իր գլոբալ գործընկերոջ՝ Teach For All-ի փորձագիտական աջակցությամբ, հիմնվելով վերոնշյալ հատկանիշների վրա, ընտրության խիստ չափանիշներ է մշակել, որոնք թույլ են տալիս ընտրել հենց նրանց, ովքեր ունեն անհրաժեշտ բոլոր նախադրյալները ծրագիրը հաջողելու և Հայաստանի դպրոցներում արհեստավարժ ուսուցիչներ լինելու համար։

Teach for Armenia-ի ծրագրի մասնակիցները դասավանդում են հանրակրթական ծրագրով նախատեսված բոլոր առարկաները՝ շեշտը դնելով հատկապես ճշգրիտ գիտությունների, բնագիտական առարկաների և օտար լեզուների ուսուցանման վրա։

Մինչև մարզերի դպրոցներում աշխատանքի մեկնելը՝ երիտասարդ մասնագետները կմասնակցեն  «Ամառային ինստիտուտ 2016» վերապատրաստման վեցշաբաթյա վերապատրաստման ինտենսիվ դասընթացին, որի նպատակն է մասնակիցներին նախապատրաստել իրենց երկամյա դասավանդման հանձնառությանը։ Մարզերի դպրոցներում դասավանդելու ընթացքում նրանք ոչ միայն փոխանցելու են գիտելիքներ, հմտություններ և արժեքներ, այլև դառնալու են համայնքի լիիրավ անդամ։

Հավելյալ տեղեկություններ

Teach for Armenia («Դասավանդի՛ր, Հայաստան») կրթական հիմնադրամի մասին

Teach for Armenia –ի առաքելությունն է բարելավել Հայաստանի երեխաների կրթության որակը՝ ներգրավելով և վերապատրաստելով բացառիկ անհատների, ովքեր պատրաստ են առնվազն երկու տարի դասավանդել ուսուցիչների կարիք ունեցող դպրոցներում: Teach for Armenia ծրագիրն այժմ համագործակցում է Teach For All համաշխարհային ցանցի հետ, որն ավելի քան 40 սոցիալական նախաձեռնություններ է միավորում: Այդ բոլոր նախաձեռնություններն աշխատում են միասին՝ ձգտելով իրենց երկրներում ընդլայնել երեխաների կրթական հնարավորությունները, և դրան հասնելու համար այս նպատակի իրականացմանն են ուղղորդում խոստումնալից և խելացի շրջանավարտների նոր սերնդին:

Teach for Armenia ծրագիրը խստորեն է մոտենում մասնակիցների ընտրությանը։ Հիմնադրամը ընտրում է յուրաքանչյուր տարվա դիմորդների միայն 10%-ին՝ համոզվելով, որ ընտրության փուլերը հաղթահարած մասնակիցներն ունեն բոլոր անհրաժեշտ հմտություններն ու մտածելակերպը, որով կկարողանան աջակցել յուրաքանչյուր երեխայի ներուժի ամբողջական բացահայտմանը։

Բացի այսօրվա դասարաններում ակադեմիական առաջընթաց ապահովելու կարճաժամկետ նպատակից, Teach for Armenia ծրագիրը հետապնդում է նաև Հայաստանի կրթական ոլորտում համակարգային փոփոխությունների ստեղծման երկարաժամկետ նպատակը՝ ծրագրի շրջանավարտների շարժման շնորհիվ։ Հաջողությամբ դասավանդելով կարիքավոր համայնքներում և լավատեղյակ լինելով վերջիններիս խնդիրներին՝ ծրագրի շրջանավարտներից շատերը հետագայում էլ կշարունակեն աշխատել, որպեսզի Հայաստանում ցանկացած երեխա, անկախ սոցիալ-տնտեսական պայմաններից, կարողանա գերազանց կրթություն ստանալ:

 Scholae Mundi Armenia-ի մասին

Scholae Mundi Armenia-ն (Աշխարհի դպրոցներ- Հայաստան) բարեգործական հիմնադրամ է, որը հիմնվել է գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանի ու Վերոնիկա Զոնաբենդի կողմից: Scholae Mundi Armenia-ն Scholae Mundi Russia-ի և Scholae Mundi UK-ի հետ համատեղ միջազգային հարթակ է ձևավորում, որի նպատակը կրթության ոլորտի առավել առաջատար մոտեցումների տարածումն է, որոնք երկարաժամկետ հեռանկարում աշխարհում սոցիալական փոփոխությունների կատալիզատոր կդառնան:

Scholae Mundi Armenia-ն կրթությունը համարում է Հայաստանի և Դիլիջանի զարգացման խթան: Scholae Mundi Armenia-ն աջակցում է լավագույն ուսանողներին և ուսուցիչներին այնպիսի բարձրորակ կրթական նախաձեռնություններում, ինչպիսիք են UWC Dilijan քոլեջը, UWC Հայաստանի ազգային կոմիտեն, Just Dilijan It! ամառային կրթական ծրագրերը: Scholae Mundi Armenia-ն նաև կրթաթոշակներ է տրամադրում հայ երեխաներին՝ նրանց առջև բացելով համաշխարհային կրթության դռները:

Scholae Mundi Armenia-ի Տնօրենների խորհրդում ընդգրկված են Դիլիջանում գործող խոշոր ուսումնական հաստատությունների՝ UWC Dilijan քոլեջի, ԹՈՒՄՈ-ի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, «Այբ» կրթական հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնի, ինչպես նաև IDeA հիմնադրամի ղեկավարներն ու տեղի կրթական համայնքի ներկայացուցիչներ: Մանրամասների համար այցելեք Scholae Mundi հիմնադրամի կայք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս