Մարսն այսօր կգտնվի Երկրից ամենամոտ հեռավորության վրա
Մայիսի 30-ին կարմիր մոլորակը առավելագույնս կմոտենա Երկրին: Վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ Մարսը կգտնվի մեր մոլորակից 76 մլն կիլոմետր հեռավորության վրա, հաղորդում է Space.com-ը:
Դրանով Մարսի եւ Երկրի «ժամադրությունը» չի ավարտվի. մոլորակները միմյանց հարաբերականորեն մոտիկ կգտնվեն նաեւ հաջորդ երկու շաբաթներին, եւ միայն հունիսի 12-ին նրանց միջեւ տարածությունը կսկսի շեշտակիորեն աճել:
Սա Մարսի եւ Երկրի առավելագույն մերձեցումը չէ դիտարկումների պատմության մեջ. 2003 թվականին մոլորակները գտնվել են միմյանցից 55,7 մլն կիլոմետր հեռավորության վրա, ինչը, հավանաբար, բացարձակ ռեկորդ Է քաղաքակրթության գոյության ողջ ժամանակաընթացքում: 2018 թվականի հուլիսին Մարսը կարող է Երկրին մոտենալ համադրելի տարածությամբ:
Ինչպես նշում են հանդեսի աշխատակիցները, Մարսի եւ Երկրի ընթացիկ մերձեցումը սիրողական աստղագետներին եւ մասնագետներին թույլ կտա ստանալ կարմիր մոլորակի նոր, ավելի հստակ լուսանկարներ եւ դրա վրա դիտել այն մանրամասները, որոնք սովորաբար տեսանելի չեն «նորմալ» տարածությունից Մարսի դիտարկումներ կատարելիս:
Ինքնուրույն դիտարկումների սիրահարները կարող են տեսնել Մարսը՝ մայիսի 30-ի գիշերը հետեւելով Կարիճի համաստեղությանը: Մարսը տեսանելի կլինի ոչ միայն հեռադիտակով, այլեւ անզեն աչքով: Եթե եղանակը դիտողներին խանգարի դիտելու Մարսը, ապա այդ ժամանակ բոլոր ցանկացողները կկարողանան կարմիր մոլորակը տեսնել HD-լուծաչափով՝ կարմիր մոլորակը դիտելով առցանց-հեռարձակմամբ, որն աստղագետները կիրականացնեն Slooh աստղադիտարանից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: