Դիրքերում ծանր վիրավորում ստացած Արման Լազգիյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն
Համբուրգի «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայում բուժումը շարունակող, Արցախում ապրիլին մարտական դիրքերում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, առկա է թեթևակի դրական տեղաշարժ: Բազմապրոֆիլ աշխտորոշիչ հետազոտություններն ինտենսիվ շարունակվում են: Այսօր կիրկանացվեն միջնորմի, շնչափողի, բրոնխների և թոքերի խորացված հետազոտություններ: Կատարվում են նաև ողնաշարի և ողնուղեղի ախտորոշիչ միջոցառումներ: Վիրավորը ստանում է մասնագիտական բժշկական խնամք:
Գերմանացի բժիշկները, մասնավորապես պրոֆեսորական կազմը, հիացմունք են հայտնել հայ մասնագետների իրականացրած աշխատանքից` սկսած վիրավորման պահից ցուցաբերված առաջին բուժօգնությունից, հիվանդի տեղափոխումից մինչև նեղ մասնագիտական բուժում:
«Մեզ մոտ եղած տեղեկատվությունը հնարավորություն է տալիս օբյեկտիվորեն հայ բժշիկների կատարածը գնահատել որպես փայլուն աշխատանք»,-նշել է կլինիկայի բժշկական մենեջմենթի ղեկավար Հրաչյա Արիջանյանը:
Կայքը նշում է, որ հանգստյան օրերին Արման Լազգիյանի առողջական վիճակը բարելավվել է: Այլևս չունենալով ինտենսիվ մշտադիտարկման և թերապիայի կարիք` նա տեղափոխվել է հիվանդասենյակ: Արմանը վիրավորում ստանալուց հետո առաջին անգամ սկսել է ինքնուրույն սնունդ ընդունել: Կերակրափող-շնչափողային խուղակը ամենայն հավանականությամբ ինքնուրույն փակվել է:
Վիրավորների բուժօգնությանը վերաբերող հարցերը շարունակում են առողջապահության նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում մնալ: