Ո՞ւմ դուդուկն է հնչում Անրի Վերնոյի «Մայրիկ» և Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմերում

Երևի քչերը գիտեն, որ հայի մեծ ցավի մասին պատմող «Մայրիկ» և «Պարադի փողոց N 588» ֆիլմերում հնչող երաժշտության վիրտուոզ կատարողը մեր ազգակից, ֆրանսիաբնակ դուդուկի վարպետ կատարող Լևոն Մինասյանն է։ Հենց նա է նվագակցել նաև Մել Գիբսոնի հայտնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմում ու մինչ օրս էլ շարունակում է հրավերներ ստանալ՝ ինչպես՝ հայտնի ֆիլմարտադրող ընկերություններից, այնպես էլ՝ ռեժիսորներից։ Ֆրանսիայի Հանրապետության «Ասպետի» կոչմանն արժանացած ու երաժշտական գերաստղերի՝ Սթինգի, Փիթեր Գաբրիելի, Պատրիկ Ֆիորիի և այլոց հետ համերգներով ներկայացած դուդուկի վարպետը մեծ հիացմունքով է խոսում դուդուկի մասին, որը, նրա համոզմամբ, աշխարհի ամենաթանկ ու անգին գործիքն է, և որը միայն իրենն է ու մերը։ «Երբ սկսեցի դուդուկ նվագել, թողեցի մնացած գործիքները, որոնց նույնպես հիանալի տիրապետում էի։ Ավելին՝ կյանքս նվիրեցի դուդուկին։ Ճամփորդել եմ ամբողջ աշխարհում, բայց երբեք չեմ բաժանվել իմ սիրելի երաժշտական գործիքից»,- պատմում է Լևոն Մինասյանը։

– Պարոն Մինասյան, ի՞նչն է ազդել Ձեր ընտրության վրա՝ վարպետանալ ու նվագել հատկապես դուդուկ։

– Դուդուկը Հայաստանից եկող առաջին ձայնն է։ Ես ծնվել եմ Մարսելում, գաղթականի ընտանիքում, և դուդուկով հիացած եմ եղել դեռ վաղ մանկուց։ Հիշում եմ՝ կարոտով էինք լսում Վոլոդյա Հարությունյանի, Եղիշե Մանուկյանի, Ջիվան Գասպարյանի և այլ վարպետների կատարումները։ Երևի հենց այդ վերաբերմունքը վճռորոշ եղավ իմ ընտրության հարցում։

– Դուք այնքան հիացմունքով եք խոսում դուդուկի մասին, որ ակամայից հարց է ծագում՝ արդյո՞ք միայն հայի ձեռքում կարող է դուդուկն այդքան հուզիչ, խորհրդավոր ու կատարյալ լինել։

– Ոչ բոլորն են հասկանում դուդուկի խորհուրդն ու խորությունը, հետևաբար՝ ոչ բոլորը կարող են փոխանցել համապատասխան հույզերը։ Ճիշտ է, որ դուդուկը երաժշտական առումով շատ ավելի նեղ հնարավորություններ ունի, բայց նվագողը մշտապես պետք է իր մեջ կրի մարդ մնալու առաքինությունը։ Երաժիշտն այն մարդը չէ, ով պարզապես նվագում է, այլ նա է, ով ունի իր ներքին տեսողությունը։ Դուդուկ նվագելու և լավ նվագելու համար պետք է պոետ լինել, նկարչին հատուկ աչք ունենալ, մի խոսքով՝ միանշանակ, էսթետի տեսողություն է պետք… Հեշտ չէ, գիտե՞ք (ժպտում է.- Ն.Մ.)։

Levon3

– Ի՞նչ երաժշտություն կարելի է նվագել դուդուկով, կա՞ արդյոք երաժշտական հատուկ մի ժանր, որը խորհուրդ չի տրվում նվագել այս գործիքով։

– Դուդուկով ցանկացած երաժշտություն կարելի է նվագել, ինչն էլ ես հաճախ անում եմ համաշխարհային մեծության աստղերի հետ համագործակցելիս։ Նվագել եմ և՛ դասական, և՛ ջազ։ Խնդիրը միայն տվյալ ժանրի մեղեդին դուդուկի հետ ճիշտ համադրելու մեջ է՝ պահպանելով սահմանները։

– Ի՞նչ սահմանների մասին է խոսքը։

– Այսօր դուդուկն աշխարհում ամենադյութիչ առաջին գործիքն է։ Օտարազգի հանդիսատեսի համար դուդուկի մեղեդին հրաշալի հուզիչ երաժշտություն է։ Պատահական չէ, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն այն ճանաչել է «աշխարհում ժողովուրդների հոգեկերտվածքն արտահայտող առաջին գործիքը», սակայն սա դուդուկը գերագնահատելու և մնացած երաժշտական գործիքներից վեր դասելու առիթ չի տալիս։ Հետևաբար, սահմաններ ասելով՝ նկատի ունեմ հարգանքը՝ մյուս մշակույթների նկատմամբ ևս։

– Լսել եմ՝ Ազնավուրի հետ ծանոթությունն անսովոր պայմաններում է կայացել։

– Չզարմանաք՝ նրա հետ ծանոթացել եմ վերջերս՝ Հայաստանում։ 2007-ին էր, երբ նա Հանրապետության hրապարակում մեծ համերգ ունեցավ։ Չնայած երկուսս էլ ողջ կյանքում ապրել ենք նույն երկրում՝ Ֆրանսիայում, երկուսս էլ երաժիշտ ենք ու նաև հայրենակից, բայց մեր առաջին հանդիպումն այդ համերգի ժամանակ է եղել։ Ֆրանսիա վերադառնալուց հետո մի օր նա գալիս է ձայնագրման ստուդիա, որտեղ ես էի նվագում։ Նախապես խնդրում է, որ ինձ չհայտնեն իր այցելության մասին՝ ասելով. «Չեմ ցանկանում խանգարել նրան, պարզապես կլսեմ, և, եթե կատարումն ինձ դուր գա, կհրավիրեմ մասնակցելու իմ նոր ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքներին»։ Այդպես էլ եղավ։ Մի քանի օրից ինձ զանգահարեցին նրա գրասենյակից ու հրավիրեցին Ազնավուրի հետ հանդիպման։

Levon2

– Իսկ Անրի Վերնոյի հայտնի ֆիլմերում մասնակցելու առաջարկն ինչպե՞ս եք ստացել։

– Անրի Վերնոյի հետ ինձ ծանոթացրել են կոմպոզիտոր Ժորժ Կարվարենցն ու Ժան Կլոդ Պտին։ Վերջինս հենց «Մայրիկ» և «Պարադի փողոց N 588» ֆիլմերի երաժշտության հեղինակն է։ Նա գիտեր ինձ, իմ կատարումը նրան դուր էր գալիս, սակայն ես երբեք նման առաջարկի հույս անգամ չեմ ունեցել։ Ինձ հետ զրուցելուց հետո մի օր Վերնոյը զանգահարում է մեր տուն՝ ինձ հանդիպման հրավիրելու։ Ես տանը չեմ լինում, և նա զրուցում է մորս հետ ու խնդրում, որ տուն գալուն պես զանգահարեմ իրեն։ Երբ մայրս փոխանցեց, երկար ժամանակ չէի կարողանում հավատալ, որ նման բան հենց ինձ հետ է պատահումգ Այսօրվա պես հիշում եմ, թե ինչ ասացի մորս. «Նա աշխատում է միայն Պավարոտիի նմանների հետ ու հանկարծ հենց ի՞նձ արեց այդ առաջարկը»։ Մի խոսքով, «Մայրիկ» ու «Պարադի փողոց N 588» ֆիլմերն առաջինը եղան, որտեղ նվագեցի։

– Առաջինը լինելուց բացի, այդ համագործակցությունը Ձեր մասնագիտական կյանքում ի՞նչ փոխեց։

– Գիտե՞ք, գուցե սրանք իմ կյանքի ամենակարևոր ֆիլմերը չեն, բայց, քանի որ հայի պատմությունն էր, հուզիչ էր ու չափազանց պարտավորեցնող։

– 2005 թ. նոյեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ն դուդուկը հռչակեց «Մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային գլուխգործոցներից» մեկը։ Ո՞ւմ կամ ինչի՞ն ենք մենք պարտական այդ ձեռքբերման համար։

– Այդ հարցում Ջիվան Գասպարյանի ավանդն անուրանալի է։ Նա նախ՝ արդիականացրեց դուդուկը հայաստանցի ունկնդրի համար, քանի որ մի ժամանակ այս գործիքը, մեղմ ասած, անտեսված էր։ Իսկ հետո նա հզոր ներդրում ունեցավ այն համաշխարհային ասպարեզ հանելու դժվարին գործում։

Պետք է խոստովանել, որ նրա շնորհիվ դուդուկը կարողացավ իր հաստատուն տեղը գտնել համաշխարհային բարձրակարգ երաժշտության շարքերում։ Մեծ ռիսկ էր, քանի որ այդ գործը նա ստանձնեց առանց հայկական կողմի աջակցության՝ վտանգելով իր հեղինակությունը, ինչպես նաև՝ սեփական ընտանիքի անդորրը։ Դժվար է հանդուրժել մեկին, ով ամիսներով ընտանիքի կողքին չէ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

– Իսկ ի՞նչ կասեք դուդուկի հանրահռչակման գործում ունեցած Ձեր ավանդի մասին, պարոն Մինասյան։

– Գուցե ես ամենալավ դուդուկահարը չեմ, բայց պետք է խոստովանեմ, որ իմ ներդրումն էլ քիչ չէ։ Ես բեմ եմ բարձրանում այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են, օրինակ՝ Պատրիկ Ֆիորին, Սթինգը կամ Փիթեր Գաբրիելը, ու բազմահազար լսարանի առջև նվագում եմ հայկական ժողովրդական գործիքը։ Այս փաստն արդեն լուրջ գործոն է։

Levon

– Դուդուկի տարածմանն ու ճանաչմանը նպաստող աշխատանքին զուգահեռ՝ Դուք բարձր եք պահում նաև մեր երկրի հեղինակությունը։ Պատվաբեր լինելուց բացի, դա մեծ ռիսկ է պարունակում։ Համաձայն չե՞ք։

– Իհա՛րկե։ Իրականում չափազանց շատ եմ աշխատում իմ հայրենիքն աշխարհում առավել բարձր մակարդակով ներկայացնելու համար։ Հայաստանը հրաշալի երկիր է՝ իր բոլոր առավելություններով ու թերություններով։ Հնագույն ու հավաստի պատմության կրողն ենք, դարեր շարունակ ներդրում ենք ունեցել համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում։ Դուդուկը մարդկության պատմության մեջ մեր ձեռագիրը թողնելու ևս մի առիթ է, որը հիանալիորեն նպաստում է տարբեր երկրների զբոսաշրջիկների ուշադրությունը մեր հայրենիքի ու մշակույթի կողմն ուղղելուն։

– Պարոն Մինասյան, որտեղի՞ց եք ձեռք բերում Ձեր գործիքները։

– Միայն Հայաստանից։ Բոլորը պնդում են, որ դուդուկի մեջ, անկասկած, թախիծ կա՝ հայ ժողովրդի հոգու, հույզերի, ցավագին անցյալի արտահայտությունը։ Բնականաբար, իսկական դուդուկն էլ միայն հայի ձեռքով պատրաստվածն է՝ ծիրանի ազնիվ փայտից։

Տեսանյութեր

Լրահոս